Վարելու իրավունքից զրկված վարորդներն ԱԺ են գնացել․ Համաներում են ակնկալում (PAN.am)

Տարիներ առաջ տարբեր խախտումների հետևանքով վարելու իրավունքից զրկված վարորդները նախնական պայմանավորվածությամբ գնացել են Ազգային ժողով՝ պատասխանատու պաշտոնյայի հետ հանդիպելու և իրենց իրավունքների վերականգնման հարցը բարձրացնելու համար։

Լրագրողների հետ զրույցում վարորդներից մեկը հայտնել է, որ իրենց պահանջն է՝ համաներման դեպքում վերականգնվեն նաև տարիներ առաջ խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված անձանց իրավունքները, հայտնում է Auroranews.am-ը:

Վարորդներին տեղեկացրել են, որ հանդիպումը նախատեսվել է կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ։

«Հիմա, եթե համաներում են անում, թող բոլորի համար անեն։ Ես էն ժամանակ ոչ մի ավարիա չեմ ունեցել, կամերաները դրած էր, չգիտեմ քանի հատ խախտում եմ արել ու պարզվել ա, որ պրավայից զրկվել եմ։ 2018 թվականին եմ զրկվել, բայց դրա մասին իմացել եմ 2022 թվականին, երբ ժամկետը լրանում էր վկայականիս, ու ՄՌՈւ-ում ասացին ինձ այդ մասին»,- ասել է վարորդը, որը նախկինում տաքսի է վարել։

Մեկ այլ վարորդ նշել է, որ քննության ընթացակարգը որոշ չափով հեշտացվել է, սակայն դժվարությունները պահպանվել են։ Վարորդները չեն հասկացել, թե ինչու «D» կարգ ունեցող և թեթև մարդատար մեքենա վարող անձը պետք է պատասխանի «B», «C» կամ այլ կարգերի համար նախատեսված հարցերին։

Նրանք հայտնել են, որ խնդրով արդեն դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ դատախազություն և ոստիկանություն, իսկ այժմ հարցը բարձրացրել են նաև խորհրդարանում։

Վարորդներն այս պահին գտնվում են Ազգային ժողովում, սակայն դեռ հայտնի չէ, թե ում հետ են հանդիպել։ Նրանցից միայն վեց անձի է թույլատրվել մուտք գործել խորհրդարան և ներկայացնել բոլոր վարորդների բարձրացրած խնդիրները։

Ավելի վաղ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջել են իրենց վարորդական վկայականները վերականգնել առանց քննություն հանձնելու։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանդիպել է նրանց և հայտարարել, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության՝ միայն տույժը վճարելու պայմանով։ Միաժամանակ նա պնդել է, որ հետագա նման դեպքերում քննություն հանձնելը պարտադիր է լինելու։

Leave a comment