Թուրքիան և Ադրբեջանը սփյուռքի ոլորտում հուշագիր են ստորագրել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Թուրքիան և Ադրբեջանն Անկարայում համագործակցության հուշագիր են ստորագրել՝ սփյուռքի ոլորտում համատեղ աշխատանքն ընդլայնելու նպատակով, հայտնում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաթուղթն ստորագրել են Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Ֆուադ Մուրադովը և Թուրքիայի՝ Արտերկրում բնակվող թուրքերի և ազգակից համայնքների վարչության (YTB) ղեկավար Աբդուլհադի Թուրուսը՝ Անկարայում անցկացվող Մուսուլմանական սփյուռքների առաջին համաժողովի շրջանակում։

Հուշագիրը նախատեսում է երկու կառույցի միջև տեղեկատվության և փորձի փոխանակում, պատվիրակությունների փոխայցեր, ինչպես նաև համատեղ ծրագրերի, հանդիպումների և համաժողովների կազմակերպում։

Մուրադովը փաստաթուղթն անվանել է «նորացված» և նշել, որ այն հիմք կստեղծի նոր համատեղ նախագծերի իրականացման համար։ Նախատեսվում է նաև զարգացնել արտերկրում գործող ադրբեջանական և թուրքական սփյուռքային կառույցների միջև համագործակցությունը։

Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցները սփյուռքի ոլորտում համագործակցության նախորդ հուշագիրն ստորագրել էին 2018 թվականին՝ Անկարայում։

Մուսուլմանական սփյուռքների առաջին համաժողովը մեկնարկել է Անկարայում սեպտեմբերի 8-ին։ Այն համախմբել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների՝ սփյուռքի հարցերով զբաղվող կառույցների ներկայացուցիչներին։

Armenia Today

Leave a comment