Չինաստանը 300 մլրդ յուանի՝ մոտ 45 մլրդ դոլարի չափով հատուկ պետական գանձապետական պարտատոմսեր կթողարկի՝ ութ պետական ֆինանսական հաստատությունների առաջին մակարդակի հիմնական կապիտալը համալրելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը։ Այս քայլով Պեկինը ձգտում է ամրապնդել ֆինանսական համակարգը և աջակցել տնտեսության վարկավորմանը։
Միջոցները կուղղվեն Industrial & Commercial Bank of China-ին, Agricultural Bank of China-ին, China Export-Import Bank-ին, China Export & Credit Insurance Corp.-ին, People’s Insurance Company of China-ին, China Life Insurance-ին, China Taiping Insurance Group-ին և China Reinsurance Group-ին, հայտնել է նախարարությունը։
Գերատեսչությունը նշված հաստատությունները բնութագրել է որպես ֆինանսապես կայուն կառույցներ՝ որակյալ ակտիվներով և անվտանգ սահմաններում գտնվող հիմնական կարգավորիչ ցուցանիշներով։
Հայտարարությունը հաջորդել է խոշոր պետական վարկատուների կողմից կապիտալ ներգրավելու ծրագրերի հրապարակմանը։ Agricultural Bank-ը նախատեսում է ներգրավել մինչև 160 մլրդ յուան, մինչդեռ ICBC-ն մտադիր է 100 մլրդ յուան ստանալ որոշակի ներդրողների շրջանում A դասի բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով։ Երկու բանկերն էլ հայտարարել են, որ ներգրավված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն առաջին մակարդակի հիմնական կապիտալի համալրմանը։
Կապիտալի համալրումն իրականացվում է չինական բանկերի զուտ տոկոսային մարժայի պատմականորեն ցածր մակարդակի պայմաններում, ինչը սահմանափակում է չբաշխված շահույթի հաշվին նրանց կապիտալն ավելացնելու հնարավորությունները։
Bloomberg-ի տվյալներով՝ հունիսի արդյունքներով ոլորտում կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը կազմել է 15.26%, իսկ առաջին մակարդակի հիմնական կապիտալի միջին գործակիցը՝ 10.72%։