«Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին՝ Ադրբեջանով, բաց է, և մենք այդ մասին Ադրբեջանի բարձրագույն մակարդակից ունենք հավաստիացում»․ Նիկոլ Փաշինյան

«Բոլոր հնարավոր սցենարները քննարկվում են։ Այստեղ քննարկումների թեման կապված է տեխնիկական և տեխնիկա-տնտեսական մոտեցման, ինչպես նաև քաղաքական գործընթացների հետ։ Ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունն, այնքան սցենարների զարգացումն ավելի հավանական կդառնա»,-խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ,անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի այն փաստմանը՝ թե Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ գործարար շրջանակները դեռ չեն մարսել այն տեղեկությունը, որ հայկական ապրանքների համար ևս բաց է ադրբեջանական երկաթուղին և հարցին՝ այս բանակցությունների ընթացքում քննարկվո՞ւմ է երկաթուղու մի հատվածի վերաբացումը, որը Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն, այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ ու երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում․ «Պետք է հաշվի առնենք երկաթուղու՝ Ձեր նշած հատվածի մասին խոսելիս չմոռանանք, որ Հաղարծնի հատվածում 30 տարի սողանցքն ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր ու պոտենցիալ կանցնի այդտեղով։ Եթե երկաթուղին բեռնափոխադրումների պոտենցիալ ի ցույց դնի և շահութաբեր հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ։ Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց Ձեր նշած երթուղին է՝ առավել ևս, Ֆիոլետովոյի հատվածում կարճ միջակայք կա, եթե Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղին, ավտոմոբիլային ճանապարհը նույնպես՝ Իջևան-Դիլիջան-Վանաձոր- Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ։ Վերահաստատում եմ իմ հայտարությունը և այո, մեր բիզնեսը պետք  է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին՝ Ադրբեջանով, բաց է, և մենք այդ մասին ունենք բարձրագույն մակարդակից հավաստիացում Ադրբեջանից։ Խնդիրն այն է, որ սովորույթները դժվար է փոխել․ 40 տարի ավոտոմեքենայով արտահանումն է։ Մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես, քանի որ գնացքը պետք է բեռնվի մի վագոնով՝ չենք կարող գնացք ունենալ, դա ենթադրում է որոշակի ծավալ ու լոգիստիկա։ Լոգիստիկ տրամաբանությունը պետք է վերադասավորվի, և ես պաշտոնապես ասում եմ՝ ժամանակն է, որ դա տեղի ունենա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment