Փաշինյանը Արմեն Գրիգորյանի համար նոր պաշտոն է փնտրում․ ո՞ր երկրում է նրան ցանկանում «տեղավորել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից անակնկալ ազատված Արմեն Գրիգորյանի համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր աշխատանք փնտրել։ Ընդ որում՝ խոսքը, մեր աղբյուրների փոխանցմամբ, շարքային պաշտոնի մասին չէ. վարչապետը ցանկանում է Գրիգորյանին նշանակել բավական բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնում։

Ինչպես արդեն գրել էինք, Արմեն Գրիգորյանի՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումից հետո Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր մնալ կառավարությունում՝ վարչապետի խորհրդականի կարգավիճակով։ Մեր տեղեկություններով, սակայն, Գրիգորյանը հրաժարվել է այդ առաջարկից՝ չցանկանալով շարունակել աշխատանքը կառավարության ներսում։

Դրանից հետո, ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը Գրիգորյանին առաջարկել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն և զբաղեցնել Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Սակայն այս առաջարկը ևս մերժվել է։

Ու հիմա, կարծես, վարչապետը նոր տարբերակ է փնտրում։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քննարկում է Արմեն Գրիգորյանին եվրոպական որևէ երկրում բարձր պաշտոնում գործուղելու տարբերակը։ Խոսքը, մեր աղբյուրների բնորոշմամբ, այնպիսի եվրոպական երկրի մասին է, որը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն և միջազգային գործընթացներում էական դերակատարում։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարբերակը, ի տարբերություն նախորդ առաջարկների, կարծես թե հենց Արմեն Գրիգորյանի սրտով է։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է գտնել այնպիսի երկիր՝ դեսպանի կարգավիճակում, որը Գրիգորյանը չի մերժի։

Թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, այս պահին դեռ հստակ չէ։ Մեր տեղեկություններով՝ այդ հարցում վերջնական որոշում չկա, և Նիկոլ Փաշինյանը շարունակում է տարբերակներ դիտարկել։

Ուշագրավ է, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ նրա՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում երկար տարիներ աշխատելուց հետո։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր դեռ 2018 թվականի մայիսից՝ կարճ ժամանակով 2021-ին տեղափոխվելով ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոն, ապա վերադառնալով ԱԽ քարտուղարի պաշտոնին»։

Leave a comment