Հայաստանում նոր հեղափոխության անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հնարքը խթանեց նոր քննարկումներ այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում 2018-ին եղել է հեղափոխություն, թե՞ պարզապես իշխանափոխություն։
Գործնականում, սա ծուղակ է, հերթական մի ծուղակ, որում հայտնվում է հանրությունը քարոզչական հնարքների հետեւանքով։ 2018-ին տեղի ունեցածը առաջացրել էր հանրային մեծ էներգիա, դրական սպասումների բավականին նկատելի լիցք, որը կապիտալիզացնելը եւ ստեղծարար հեռանկարով օժտելն էր հեղափոխությամբ իշխանության եկած մարդկանց գլխավոր, միակ անելիքը։ Միակ ու գլխավոր անելիքը՝ այդ թվում Արցախի հարցում Հայաստանի դիմադրունակությունը եւ ճկունությունը բարձրացնելու համար։
Այդ մարդիկ տապալել են, ձախողել են իրենց միակ ու գլխավոր անելիքը, ինչի հետեւանքն է նաեւ եղել պատերազմն ու Արցախի ողբերգական կորուստը։ Ու այդ հարցում պատասխանատվության մասին առարկայական խոսակցություն թույլ չտալու համար, նրանք զանազան հնարքներով խթանում են կեղծ վեճ կամ դիլեմա՝ եղե՞լ է հեղափոխություն, թե՞ չի եղել։ Շատերին թվում է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը անհանգստանում կամ մտահոգվում են այն եզրահանգումից, թե եղել է ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն։ Փաշինյանին դա չի անհանգստացնում բացարձակապես։ Նրան բացարձակ չի հուզում նաեւ այն, երբ հայտարարվում է, թե իշխանության է եկել Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությամբ։
Նիկոլ Փաշինյանը իր ընտրազանգվածի համար ունի բոլոր այդ գնահատականների «ծանրակշիռ» բացատրություն, լինեն դրանք իրական գնահատական, թե թյուրընկալում։ Նրա համար կարեւորն է, որ իր առաջ երբեք չհառնի 2018-ի էներգիան միտումնավոր կամ ապաշնորհաբար «հողանցելու» պատասխանատվությունը։ Ուզում են՝ թող ասեն հեղափոխություն, ուզում են՝ թող ասեն «Սերժի բերած», ուզում են՝ թող ասեն «թուրք–ադրբեջանական»։ Նրան դա չի հետաքրքրում բացարձակապես։
Միակ բանը, որ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին՝ հանրային միտքն ու օրակարգը անպտուղ «դիլեմաներից» կամ «բանավեճերից», շատ կոնկրետ հարցերով համալրելն ու այդ հարցերի համար կոնկրետ պատասխաններ պահանջելն է։ Իսկ, որպեսզի դա տեղի չունենա, մարդիկ պետք է կամ ակտիվ վիճեն՝ եղել է, թե չի եղել, կամ պոպկոռնով հետեւեն վիճողներին։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: