Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իրավասու մարմիններին՝ ընդդեմ հայկական ապրանքների ներմուծման վրա Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված արգելքների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը։
Փոխնախարարի գնահատմամբ՝ ռուսական կողմի կիրառած սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ պայմանագրային դրույթներին ու հիմնարար սկզբունքներին․
«Հայաստանը բողոք է ներկայացրել Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանված սահմանափակումների դեմ և հույս ունի, որ դրանք կվերացվեն ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով։ Էական են ոչ միայն մեր ուղիղ շփումները Ռուսաստանի հետ, այլև մեր հնարավորությունները ԵԱՏՄ շրջանակում, քանի որ գոյություն ունեն կոնկրետ գործիքներ, որոնք կարող են կիրառվել նման խոչընդոտները վերացնելու համար»,- նշել է Գասպարյանը։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության ծառայությունը («Ռոսսելխոզնաձոր») մայիսից ի վեր աստիճանաբար սահմանափակումներ է մտցրել Հայաստանից արտահանվող ծաղիկների, թարմ լոլիկի, վարունգի, մրգերի, չրերի, կարտոֆիլի, ինչպես նաև կենդանի ձկան, ձկնամթերքի և կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։
Առևտրատնտեսական այս խնդիրներն ընթանում են Երևանի և Մոսկվայի միջև աճող քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Երևանի՝ Եվրոմիության հետ մերձեցման քայլերին ի պատասխան՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում՝ ակնարկելով, որ ԵՄ ուղղությունն ընտրելու դեպքում Երևանը կկորցնի տնտեսական արտոնությունները, կբախվի մաքսատուրքերի ներդրմանն ու գազի գնի փոփոխությանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դնում և ներկայումս պատրաստ չէ ԵՄ անդամակցությանը, այլ նպատակ ունի իրականացնել բարեփոխումներ և համապատասխանեցնել երկրի չափանիշները եվրոպական չափորոշիչներին։