«Tour of Armenia»-ի ընդհանուր արդյունքները կամփոփենք Հանրապետության հրապարակում, որի կառուցման մեկնարկի 100-ամյակը նշում ենք այս տարի». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 10-ից 13-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Խճուղային հեծանվասպորտի միջազգային միության դասակարգման 2.2 կարգի Tour of Armenia պրոֆեսիոնալ խճուղային հեծանվավազքի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք պատրաստվում ենք մի շատ կարեւոր իրադարձության՝ մեր երկրում հյուրընկալելով միջազգային մեծ սպորտի մրցաշար։ Այս նախագծի վրա աշխատել ենք շուրջ երկու տարի եւ բառացիորեն մի քանի օրից կտեսնենք մեր աշխատանքի արդյունքը։ Մենք հյուրընկալելու ենք 16 թիմերի՝ տարբեր երկրներից։ Իհարկե, նրանց մեջ է նաեւ Հայաստանը ներկայացնող թիմը։ Նախատեսում ենք չորս օր տեւող մրցաշար, որը կամփոփվի Երեւանում»,-ասաց նախարարը հույս հայտնելով, որ քաղաքացիները այդ օրերին կլինեն մրցուղիների ճամփեզրերին՝ ոգեւորելու մասնակիցներին։

«Յուրաքանչյուր օրը կամփոփվի տվյալ օրվա հաղթողներին առանձնացնելով, իսկ վերջին օրն արդեն կլինի ինչպես տվյալ օրվա, այնպես էլ մրցաշարի ընդհանուր ամփոփումը եւ պարգեւատրումը Երեւանի Հանրապետության հրապարակում։ Սա նույնպես խորհրդանշական է, որովհետեւ այս տարի նշում ենք նաեւ Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը։ Եվ մրցաշարը Հանրապետության հրապարակում ամփոփելով՝ մենք հնարավորություն կունենանք տեսանելի դարձնելու Երեւանի ճարտարապետությունը։ Այս առումով, մրցաշարը կարեւորում եմ ոչ միայն սպորտի, հատկապես, հեծանվային սպորտի զարգացման տեսանկյունից»,-շարունակեց տիկին Անդրեասյանը՝ նշելով նաեւ գործադրվող այն ջանքերը, որոնք արվում են Հայաստանում ընդհանրապես սպորտը զարգացնելու եւ երկրի սահմաններից դուրս հանրայնացնելու ուղղությամբ՝ սկսած մանկապատանեկան սպոորտի ակտիվացումից, մինչեւ տարբեր մարզաձեւերի ամենախաշոր մրցաշարերի հյուրընկալում ու կազմակերպում։

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանն ընդգծեց, որ սա աննախադեպ միջոցառում է Հայաստանում հեծանվասպորտի համար, որը ներկայանալի կլինի Հայաստանի հյուսիսային հատվածի գրեթե բոլոր մարզերի եւ Երեւան քաղաքի համար։ «Հայաստանը մի քանի օր ուղղակի կապրի այս Tour of Armenia-ով։ Մենք 2029 թվականին Երեւանում անցկացնելու ենք նաեւ հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնություն, եւ սա միջազգային փորձ ունենալու շատ լավ մեկնարկ է»,-ասաց նա։

RCSSports and Events DMSS գործադիր տնօրեն Միկելե Նապոլին նշեց, որ երկու տարի առաջ, երբ սկսում էին այս նախաձեռնությունը, իրենք ցանկություն ունեին Հայաստանը նոր ձեւով տեսնելու քարտեզի վրա եւ պատրաստվում են Հայաստանում շատ լավ ու շատ հետաքրքիր միջոցառում անցկացնել։

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կենտրոնն ընդամենը երկու տարվա կենսագրություն ունի, եւ այսպիսի մեծ միջոցառման կազմակերպմանը մասնակցելն իրենց համար շատ մեծ մարտահրավեր է ու նաեւ լայն հնարավորություն՝ աշխատելու եւ ցույց տալու մեր երկիրը, բնությունը, մարզերը։ Նա ասաց, որ թերեւս խոսելու ավելի շատ առիթ կունենա մրցաշարի ավարտից հետո, երբ բոլորը, այդ թվում՝ լրատվամիջոցները, միահամուռ ուժերով ամեն բան կկարողանան ճիշտ ներկայացնել աշխարհին եւ ցույց տալ, որ Հայաստանը կարող է հեծանվասպորտի այսպիսի մեծ միջոցառում կազմակերպել։

RCS Sports and Events DMCC գլխավոր օպերացիոն տնօրեն Ֆաբրիցիո Դ՝Ամիկոն նշեց, որ երկու օր հետո Գավառում մեկնարկող հայաստանյան բազմօրյա հեծանվավազքն ունենալու է չորս երթուղի, մոտավորապես 568 կմ երկարությամբ, որտեղ լինելու են թե բարդ վերելքներ, թե արագընթաց հատվածներ։ «Մասնակցելու են տարբեր երկրների 16 թիմեր՝ Ճապոնիայից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Թաիլանդից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Ուրախ ենք տեսնել, որ մասնակցում է նաեւ Հայաստանը՝ ակումբի տեսքով։ Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք գրանցվելիք արդյունքներին։ Հուսով ենք՝ սա կլինի առաջին քայլը՝ ոգեշնչելու ավելի երիտասարդ սերնդին այս հետաքրքիր մարզաձեւով զբաղվելու համար»,-ասաց իտալացին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment