2026-ի ամառը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի համար աննախադեպ էր։ Այն հագեցած էր կրթական ուղևորություններով, միջազգային երաժշտական ակադեմիաներով, վարպետության դասերով և համերգային ելույթներով՝ երիտասարդ երաժիշտների համար բացելով նոր երկրներ, նոր մասնագիտական միջավայրեր և, ամենակարևորը, նոր հնարավորություններ։
Ընդհանուր առմամբ, ամռան ընթացքում իրականացվեց 6 կրթական ուղևորություն, որոնց մասնակցեցին 32 երիտասարդ երաժիշտներ։ Նրանք ստացան 66 վարպետության դաս և ունեցան 25 համերգային ելույթ՝ Եվրոպայի և Ռուսաստանի տարբեր հեղինակավոր երաժշտական հարթակներում։
Այս թվերից յուրաքանչյուրի հետևում մի ամբողջ պատմություն է՝ նոր փորձ, նոր ծանոթություն, նոր բեմ, նոր գիտելիք և մի երիտասարդ երաժիշտ, որը ևս մեկ քայլ առաջ է գնացել իր մասնագիտական ճանապարհին։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՄԻՋՈՑՈՎ
Ամառային կրթական ծրագրերի ընթացքում «Հայ Վիրտուոզներ»-ի երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան աշխատելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և մանկավարժների հետ։ Յարվի Ակադեմիայում, Chieti Classica-ում, Tibor Varga երաժշտական ակադեմիայում, Youth Classics Swiss International Music Academy-ում, Ուդինեի համալսարանում և միջազգային այլ հարթակներում նրանք ոչ միայն ստացան մասնագիտական նոր գիտելիքներ, այլև հնարավորություն ունեցան անմիջապես կիրառելու դրանք բեմում։
Վարպետության դասերը լրացվեցին համերգներով, փորձերով, անսամբլային աշխատանքով և միջազգային երաժշտական միջավայրի անմիջական փորձառությամբ։ Երիտասարդ երաժիշտները հանդես եկան թե՛ որպես մենակատարներ, թե՛ անսամբլների և նվագախմբերի կազմում՝ աշխատելով տարբեր դպրոցների և երաժշտական ավանդույթների ներկայացուցիչների հետ։
ԲԵՄԸ՝ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդ երաժշտի կրթությունը չի ավարտվում վարպետության դասասենյակում։ Յուրաքանչյուր համերգային ելույթ ևս մեկ կարևոր քայլ է՝ դեպի ինքնավստահություն, բեմական փորձ և սեփական հնարավորությունների բացահայտում։
Այս ամառ մեր երաժիշտները ելույթ ունեցան միջազգային տարբեր բեմերում՝ Պյարնուից և Սիոնից մինչև Մոսկվա, Սոչի և Ուդինե։ Նրանցից ոմանք հանդես եկան հեղինակավոր նվագախմբերի կազմում, մյուսները՝ որպես մենակատարներ կամ կամերային կազմերի անդամներ։ Իսկ որոշների համար այս հարթակները դարձան առաջին կարևոր միջազգային փորձառություններից մեկը։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱՆ
Կրթական յուրաքանչյուր ուղևորություն ավարտվում է, բայց դրա արդյունքը շարունակում է մնալ։ Մնում են ստացած գիտելիքները, նոր մասնագիտական կապերը, բեմական փորձը, հիշողությունները և այն վստահությունը, որը ձևավորվում է այն պահին, երբ երիտասարդ երաժիշտը հայտնվում է նոր միջավայրում և հասկանում՝ «Ես կարող եմ»։
Հենց սա է այն աշխատանքի կարևորագույն արդյունքը, որի համար ստեղծվում և իրականացվում են «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթական նախաձեռնությունները։ Տաղանդը մեծ ներուժ է, բայց դրա զարգացման համար անհրաժեշտ են կրթություն, ճիշտ մասնագիտական միջավայր, փորձ և հնարավորություններ։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երիտասարդ երաժիշտ պետք է հնարավորություն ունենա տեսնելու աշխարհը, սովորելու լավագույններից, փորձելու սեփական ուժերը և բարձրանալու այն բեմերին, որոնց մասին գուցե դեռ միայն երազում է։
2026-ի այս ամառը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ կարող է ստեղծվել, երբ տաղանդը հանդիպում է հնարավորությանը։
Մենք հավատում ենք, որ կրթությունը, երաժշտությունը և փորձը կարող են փոխել երիտասարդ մարդու ամբողջ ճանապարհը։ Եվ մեր առաքելությունը հենց այստեղ է՝ բացել այդ դռները, ստեղծել այդ հնարավորությունները և աջակցել այն սերնդին, որը վաղվա երաժշտական աշխարհի մասն է լինելու։
ԷՍՏՈՆԻԱ | ՏԱԼԼԻՆ ԵՎ ՊՅԱՐՆՈՒ | ՀՈՒԼԻՍԻ 3–16
ԻՏԱԼԻԱ | ԿԻԵՏԻ | ՀՈՒԼԻՍԻ 6–12
ՇՎԵՅՑԱՐԻԱ | ՍԻՈՆ | ՀՈՒԼԻՍԻ 13–19
ՇՎԵՅՑԱՐԻԱ | ՌԱՅՆԱՈՒ ԵՎ ՑՅՈՒՐԻԽ | ՀՈՒԼԻՍԻ 10–19
ՌՈՒՍԱՍՏԱՆ | ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍՈՉԻ | ՕԳՈՍՏՈՍԻ 16–26
ԻՏԱԼԻԱ | ՈՒԴԻՆԵ | ՕԳՈՍՏՈՍԻ 18–23