«Ամեն դեպքում՝ Դուք գանձ եք, պարոն Ղազարյան, ուրախ ենք, որ Դուք կաք, քանի որ մեզ միայն օգնում եք»․ Սիսակ Գաբրիելյան

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի և ՔՊ խմբակցության պատգամավոր Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Ալխաս Ղազարյանի միջև։

Էդգար Ղազարյան

Նրա ելույթից հետո Էդգար Ղազարյանը նկատեց․ «Տիկին Ղազարյանն իր առաջին պետական պաշտոնը զբաղեցրել է 2021-ին, չեք կարծո՞ւմ՝ ԱԺ ղեկավար մարմնում աշխատելու համար պետք է նախընտրությունը տալ այնպիսի թեկնածուների, որոնք պետական կառավարման համակարգում փորձառություն ունեն»։

Սիսակ Գաբրիելյան

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «ԱԺ պատգամավորներն ընտրվում են ժողովրդի կողմից։ Սա մասնագիտական աշխատանք չէ, տարօրինակ է դա լսել մի ուժի կողմից, որը նոր-նոր է մտել քաղաքականություն, դեռ ուզում էիք գայիք, երկիրը կառավարեիք։ Մասնագիտական աշխատանք չէ, ինստիտուտի տնօրեն չենք ընտրում»։

Էդգար Ղազարյանը Ալխաս Ղազարյանին հարցրեց․ «Ի՞նչ պատասխանատվությամբ եք 2023-ի մայիսի 24-ին Երևանում՝ Նորք Մարաշ վարչական շրջանում ձեռք բերել նորակառույց բնակարան այն օրերին, երբ դրանից ընդամենը մեկ ամիս առաջ Հակարի կամուրջը փակվեց՝ Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, և ողջ արցախահայությունը հայտնվեց շրջափակման մեջ․ երեխաները զրկված էին սննդից, հիվանդները դեղորայքի հնարավորությունից, և դա հանգեցրեց ավելի քան 150 հազար արցախահայության տնավեր լինելուն ձեր իշխանության, անձամբ Ձեր գործողությունների հետևանքով։ Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել այն ժամանակ, երբ մեր 100 հազարավոր հայրենակիցներ տնավեր էին դառնում։ Ձեր գույքի եկամտի հայտարարագրում նշված է, որ Ձեզ հետ համատեղ  բնակվում է Ձեր եղբայր Դավիթ Ղազարյանը, որ եկամուտներ է հայտարարագրել վարչապետի աշխատակազմից։ Կասե՞ք՝ աշխատո՞ւմ է վարչապետի աշխատակազմում, թե՝ ոչ, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում և ի՞նչ հիմքով է այդ պաշտոնը զբաղեցնում․ մրցո՞ւյթ է եղել, թե՝ Ձեր քաղաքական կուսակցության անդամ լինելը քաղաքական ազդեցություն է ունեցել»։

Ալխաս Ղազարյան

Ալխաս Ղազարյանն ասաց․ «Ուզում եմ ներողություն խնդրել՝ տվյալ անձի հարցերին չպատասխանելու համար։ Դրա համար ունեմ հիմքեր»։

Այնուհետև ՔՊ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից սկսեցին քննադատել Էդգար Ղազարյանին, Սիսակ Գաբրիելյանն էլ կատակով ասաց․ «Ամեն դեպքում՝ Դուք գանձ եք, պարոն Ղազարյան, ուրախ ենք, որ Դուք կաք, քանի որ մեզ միայն օգնում եք»։

Հանձնաժողովը ձայների 5 «կողմ», 3 «դեմ» հարաբերակցության նախագահի տեղակալ ընտրեց Ալխաս Ղազարյանին։

 

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment