Հայկական միրգը՝ ԱՄԷ-ում արաբական ապրանքանիշով․ էլ ինչ են քննարկել երկրների նախարարները

Հայաստանում կարող են ստեղծվել արտադրական և տարածաշրջանային բաշխման կենտրոններ, համատեղ լոգիստիկ հանգույցներ, ինչպես նաև կազմակերպվել հայկական գյուղմթերքի վերամշակում՝ ԱՄԷ ընկերությունների համար մասնավոր պիտակով արտադրանք թողարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը` հավելելով, որ այս հնարավորությունները Դուբայում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Բին Տուկ Ալ Մարրին։

Ըստ նախարարության` երկու երկրի նախարարները քննարկել են նաև Հայաստանում և ԱՄԷ-ում տնտեսական համագործակցության այլ ուղղություններին, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությանն ու վերականգնվող էներգետիկային։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումային ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ։
Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել են Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուշագիր էր ստորագրել ԱՄԷ-ի B2B հարթակներից մեկի ղեկավարի հետ։ Փաստաթղթով նախատեսվում է հայ արտադրողների կողմից շաբաթական մինչև 40 տոննա միրգ և բանջարեղեն մատակարարելու հնարավորություն՝ հետագայում ծավալներն ավելացնելու հեռանկարով։
2024 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 700 հազար դոլարից մի փոքր ավելի արժողությամբ թարմ միրգ և բանջարեղեն, իսկ 2025 թվականին արտահանման ծավալը հասել է գրեթե 1,1 մլն դոլարի։

Համեմատության համար՝ նույն ապրանքների արտահանումը Ռուսաստան 2024 թվականին կազմել է 171,8 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ 190,1 մլն դոլար։

Sputnik Արմենիա

Leave a comment