«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ռուբեն Մխիթարյանին:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մամիկոն Ասլանյանին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վրույր Այվազյանին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու է առաջադրել Մարիաննա Ղահրամանյանին:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Տրդատ Սարգսյանի նախագահությամբ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախ ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է իր տեսլականն առաջիկա աշխատանքի առնչությամբ։ Թեկնածուն կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ևս թեկնածուն իր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի է։ Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն նախագահի տեղակալ ընտրվեց Մարիաննա Ղահրամանյանը։
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քվեարկության արդյունքում ՔՊ-ական Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։