Վարչապետին ներկայացվել են Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի նախաձեռնությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության գործունեության մասին։

Նշվել է, որ այն Հայաստանում աշխատող շրջանավարտների մասնագիտական հարթակ է, որը համախմբում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած և բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության ու մասնագիտական ծառայությունների ոլորտները ներկայացնող անձանց։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանց ձևավորելու և նրանց ներուժը ներգրավելու նախաձեռնությունը, տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամ ստեղծելու առաջարկը, ինչպես նաև հոկտեմբերին Երևանում նախատեսված «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ի կազմակերպման աշխատանքները։

Վարչապետը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ստեղծման և տարբեր ոլորտներում նրանց ներուժի օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա նշել է, որ այս նախաձեռնության համադրումը աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ ներգրավելու Կառավարության ծրագրի հետ առավել կնպաստի դրա առանցքային նպատակների իրականացմանը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձրակարգ մասնագետների ներգրավումը պետական կառավարման համակարգ և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը։

Վարչապետը նաև դրական է գնահատել տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը։ Նա կարևորել է դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման և նրանց համար բարձրակարգ կրթություն ապահովելու ուղղությամբ համակարգային լուծումների ներդրումը։

«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»-ի կազմակերպման հարցում Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը։ Նրա գնահատմամբ՝ նման միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև գործարար կապերի ընդլայնմանն ու զարգացմանը։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ Կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ-ի համագործակցությունը՝ ներկայացված նախաձեռնությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

Leave a comment