Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կոշտ քննադատեց համատիրությունների աշխատանքը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է արմատախիլ անել պորտաբույծների համակարգը։ Ավագանու ՔՊ-ական անդամ Աշոտ Սարգսյանը բարձրացրեց փոխարինված վերելակների սպասարկման խնդիրը։ Նրա խոսքով՝ քաղաքացիները հաճախ բախվում են դեպքերի, երբ վերելակը չի աշխատում, իսկ խնդրի լուծումը կարող է օրեր տևել։ Սարգսյանը նշեց, որ հատկապես բարձրահարկ շենքերում դա լուրջ անհարմարություններ է առաջացնում։

Ի պատասխան՝ Ավինյանն ասաց, որ քաղաքապետարանը չի կարող իր վրա վերցնել նաև համատիրությունների գործառույթները։

«Լավ, վերելակները փոխարինենք, հիմա էլ սպասարկումը… սպասարկո՞ւմն էլ մենք անենք, հետո էլ ասենք՝ լավ, համատիրությունն էս էլ չի կարում անի, էդ էլ անենք։ Լավ, էդ համատիրություններն ինչների՞ս են պետք էդ դեպքում»,- ասաց քաղաքապետը։

Նա առաջարկեց համատիրությունների ղեկավարների փոփոխության նախաձեռնություն սկսել և «կոմպետենտ» մարդկանց ընտրել։

Քաղաքապետը միաժամանակ պնդեց, որ քաղաքացիները հիմնականում հասկանում են՝ որ հարցի համար է պատասխանատու քաղաքապետարանը, իսկ որի համար՝ համատիրությունը։ Նրա խոսքով՝ համատիրությունների հետ կապված խնդիրների հաճախակի բարձրաձայնումը ցույց է տալիս, որ քաղաքացիները տեսնում են՝ այդ կառույցները չեն իրականացնում իրենց գործառույթները։

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ում ես ասել եմ՝ դուք եք ընտրում այդ մարդկանց, ինձ ասել են՝ մենք իրենց չենք ընտրել, մենք չգիտենք՝ իրենք ոնց են դարձել համատիրության նախագահ ու անդամ։ Ես վստահ եմ, որ հավաքագրման տեսանկյունից էլ բազմաթիվ խնդիրներ կան, և նախկին իշխանություններն էդ պորտաբույծներին օգտագործում էին ընտրությունների համար։ Եվ էդ նույն պորտաբույծների բավական մեծ տոկոս մնացել ա, զբաղվում ա պորտաբուծությամբ, պետք ա էդ պորտը կտրել»,- բարկացած հայտարարեց Երևանի քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

Leave a comment