EDNews․ Բաքվի նախապայմաններն ու հայ-թուրքական սահմանի «գինը»

Երևանում հայ-թուրքական գործարար համաժողով անցկացնելու մասին խոսակցությունների ֆոնին ադրբեջանական EDNews պարբերականում հայտնված ծավալուն վերլուծությունն ուշագրավ լույս է սփռում Հարավային Կովկասի տրանսպորտային ու տնտեսական ապագայի վերաբերյալ Բաքվի և Անկարայի իրական հաշվարկների վրա։ Ադրբեջանական քարոզչական հարթակը, հղում անելով ռուսաստանցի քաղաքագետ Դարիա Գրևցովային, փորձում է հիմնավորել, թե տնտեսական գործոնը կարող է արագացնել Հայաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցումը, սակայն հրապարակման բովանդակությունը փաստում է բոլորովին այլ իրականության մասին։

Վերլուծության մեջ բացահայտորեն արձանագրվում է, որ հայ-թուրքական ուղիղ առևտրի և տարանցման առաջնային խոչընդոտը շարունակում է մնալ փակ ցամաքային սահմանը։ Թեև երկու երկրների միջև առևտուրն այսօր էլ գոյություն ունի երրորդ երկրների տարածքով, դա ավելացնում է լոգիստիկ ծախսերն ու սահմանափակում հնարավորությունները։ Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը չի թաքցնում, որ տնտեսությունը լիովին շաղկապված է քաղաքականության հետ։

«Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսությունը մինչ օրս մնում է քաղաքականության պատանդը։ Քանի դեռ սահմանը փակ է, լիարժեք տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է։ Սակայն եթե քաղաքական պայմանավորվածություններն իրականացվեն, առևտուրը կարող է բավականին արագ աճել»,- EDNews-ին հայտնել է Գրևցովան։

Հոդվածի առանցքային ու ամենավտանգավոր ենթատեքստը վերաբերում է տարածաշրջանային լոգիստիկայի վերաձևմանը։ Այսօր Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի միջև հիմնական բեռնափոխադրումներն անցնում են Վրաստանի տարածքով։ Բաքվի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի ներգրավումը կարող է ստեղծել նոր երթուղի՝ «Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Կասպից ծով-Միջին Ասիա» ուղղությամբ։ Սակայն սա ներկայացվում է ոչ թե որպես փոխշահավետ համագործակցություն, այլ որպես Հայաստանին տրանսպորտային մեկուսացումից հանելու «պարգև»՝ միայն Բաքվի պահանջները լիովին բավարարելու դեպքում։

EDNews-ը հստակ ֆիքսում է, որ առանց Բաքվի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման՝ հայ-թուրքական սահմանի բացումն անհնար է, քանի որ Անկարան իր յուրաքանչյուր քայլը համադրում է Ադրբեջանի հետ։ Եթե հայ-ադրբեջանական գործընթացը մտնի ճգնաժամ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անմիջապես կառեցվի։

Բացի այդ, ադրբեջանական հրապարակումը շոշափում է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը։ Ակնարկվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ճանապարհների բացումը Հայաստանին թույլ կտա դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը և նվազեցնել պատմական կախվածությունը ռուսական շուկայից ու ենթակառուցվածքներից։ Սակայն սա այնպիսի ձևով է մատուցվում, որ Հայաստանը, ռուսական տնտեսական տիրույթից դուրս գալով, հայտնվելու է թուրք-ադրբեջանական ամբողջական տնտեսական ու լոգիստիկ շրջափակման և կախվածության մեջ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական լրատվամիջոցների միջոցով իրականացվող այս տեղեկատվական արշավը նպատակ ունի տնտեսական օգուտների պատրանք ստեղծել, մինչդեռ իրականում Հայաստանին առաջարկվում է ինքնիշխանության և քաղաքական զիջումների հաշվին դառնալ թուրք-ադրբեջանական տրանսպորտային նախագծերի կցորդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment