Goldman Sachs-ի գնահատմամբ՝ նավթի գինը կարող է հասնել մեկ բարելի դիմաց 120 դոլարի, եթե Մերձավոր Արևելքում նավերի նկատմամբ հարձակումները հաճախանան և ծովային փոխադրումների խափանումներն ուժեղանան։
Goldman Sachs-ի հումքային շուկաների գլոբալ հետազոտությունների համաղեկավար Դաան Ստրույվենի խոսքով՝ վերջին զարգացումները վկայում են նավագնացության խափանումների խորացման բարձր ռիսկի մասին։ Միևնույն ժամանակ, եթե տարածաշրջանից նավթի արտահանումը կարգավորվի, բանկը դիտարկում է նաև զգալիորեն ավելի ցածր՝ մոտ 80 դոլար մեկ բարելի դիմաց գնային սցենար։
Նավթի գները բարձրացել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պայմաններում։ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը հասել է մինչև 97.93 դոլար մեկ բարելի դիմաց։ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հակամարտությունը, նավահանգիստների ու տանկերների շուրջ սահմանափակումները և նոր էսկալացիայի վտանգը շարունակում են մեծացնել մատակարարումների խափանման ռիսկը։
Հակամարտությունը բարձրացրել է նաև այլ էներգակիրների գները։ Goldman Sachs-ը նշում է, որ բնական գազի և նավթամթերքների շուկաներում առաջարկի հնարավոր ցնցումներն ավելի ուժեղ են, քան հում նավթի շուկայում։ Այդ պատճառով բանկը ներդրողներին խորհուրդ է տալիս աշխարհաքաղաքական ռիսկերը հեջավորել նաև բնական գազի և նավթամթերքների գների աճի նկատմամբ դիրքերի միջոցով։
Ստրույվենի գնահատմամբ՝ Չինաստանը կարող է շարունակել «կայունացնող ուժի» դեր խաղալ հում նավթի շուկայում՝ բարձր գների դեպքում կրճատելով ներմուծումը։ Սակայն գազի և նավթամթերքների շուկաներում երկրի ազդեցությունը զգալիորեն փոքր է։
Freedom Global-ի վերլուծաբան Վլադիմիր Չեռնովի գնահատմամբ՝ քանի դեռ Հորմուզի նեղուցով փաստացի նավագնացությունը մնում է անկայուն, շուկան նավթի գնի մեջ կշարունակի ներառել մատակարարումների նոր կրճատման ռիսկը։ Նրա հիմնական սցենարով Brent-ը կարող է մնալ 96–102 դոլար միջակայքում, իսկ տրաֆիկի նոր անկման կամ խոշոր տանկերի նկատմամբ հարձակման դեպքում արագ բարձրանալ մինչև 105 դոլար և ավելի։
Չեռնովի կարծիքով՝ Brent-ի կայուն վերադարձը 90 դոլարից ցածր հնարավոր կլինի միայն Հորմուզի նեղուցով նավագնացության հաստատված կարգավորման դեպքում։ Մինչ այդ նավթի գների հետագա աճի ներուժը շարունակում է գերազանցել էական անկման հավանականությունը։