Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին

Քաղաքականություն

08.09.2026 | 17:02

Ռուսական հարվածային անօդաչու սարքը հարձակվել է «Ми – Україна» ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա։  Հարվածի պահին լրագրողներն ուղիղ եթերում են եղել։ Նախնական տվյալներով՝ հինգ մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հեռուստաալիքի շենքը մասնակիորեն ավերվել է։ Հարձակումից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել, որն արդեն մարել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։

«Այսօր Ռուսաստանը հարված է հասցրել լրատվամիջոցներին, լրագրողներին։ Հարվածային անօդաչու սարքը հարձակվել է ««Ми – Україна» հեռուստաալիքի շենքի վրա, որը «Միասնական նորություններ» հեռուստամարաթոնի մասնակիցն է։ Ուղղակի օրվա կեսին։ Հենց այն պահին, երբ լրագրողները ուղիղ եթերում էին»,- հայտարարել է Զելենսկին։

Նա նշել է, որ այս պահին հայտնի է հինգ տուժածի մասին, սակայն նրանց թիվը դեռ կարող է աճել։

««Շահեդները»՝ լրատվամիջոցների դեմ. սա ռուսական դեգրադացիայի նոր էջ է, և դրան անպայման պետք է արձագանքեն Եվրոպան ու աշխարհը։ Չի կարելի անպատիժ թողնել Ուկրաինայի և ուկրաինացիների կյանքի դեմ ուղղված որևէ հարված։ Ռուսաստանին պետք է կանգնեցնել, և դա հնարավոր է միայն համատեղ ջանքերով»,- հայտարարել է Զելենսկին։

Հավելենք, որ Կիևի ուղղությամբ կեսգիշերից հետո սկսված և ներկայումս շարունակվող զանգվածային հարձակումների հետևանքով տուժել է 19 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment