Սեպտեմբերի 8-ը նշվում է որպես Գրագիտության միջազգային օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրագիտության գաղափարը սահմանում են մեկ պարզ, բայց խորքային ձևակերպմամբ՝ «Գրագիտությունն ազատություն է»։
Կազմակերպության գնահատմամբ՝ գրագիտությունը կրթության և հաղորդակցության համալիր ու դինամիկ գործընթաց է, որը ժամանակակից հասարակությունում տարբեր լեզուներով ու մշակույթներով ազատ հաղորդակցվելու ճանապարհ է բացում։ Բայց որքանո՞վ է գրագիտությունը գնահատվում այսօր։
Արդյո՞ք գրագետ մարդը պահանջված է աշխատաշուկայում, որքանո՞վ է գնահատվում գիտնականի աշխատանքը, և ի՞նչ ազդեցություն է արհեստական բանականությունն ունենում թե՛ գրագիտության, թե՛ գիտության ոլորտների վրա։ Այս հարցի շուրջ MediaHub-ը հարցում է անցկացրել։ Ընդամենը 24 ժամում հարցմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ։ Նրանցից 33 տոկոսը կարծում է, որ գրագետ մարդիկ այսօր գնահատված են աշխատաշուկայում, 64 տոկոսը հակառակ կարծիքն ունի, իսկ 3 տոկոսը դժվարացել է պատասխանել։
«Եթե Հայաստանում գրագիտությունը գնահատվեր, ապա այսօր Հայաստանն ամենագրագետ երկիրը չէր համարվի։ Հայաստանում գրագիտությունը չի գնահատվում, և դա է պատճառը, որ այն մարդիկ, որոնք բարձր գրագիտության մակարդակ չունեն, բարձրագույն կրթություն չեն ստացել, զբաղեցնում են շատ բարձր պետական պաշտոններ, ընդ որում՝ օրինակ, վարչապետի աթոռն են զբաղեցնում։ Իսկ եթե մարդը, որը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը, չի սիրում, երբ իրենից ավելի գրագետ ու զարգացած մարդիկ են շրջապատում իրեն կամ զբաղեցնում են իրենից բարձր պաշտոններ, այդ ուղով էլ հիմա Հայաստանը գնում է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Գիտնականի աշխատանքի արժեքն այսօր որքանո՞վ է գնահատվում հասարակության և աշխատաշուկայի կողմից։ Արդյո՞ք գիտական աշխատանքը համարժեքորեն վարձատրվում և գնահատվում է, թե՞ գիտնականների աշխատանքը հետին պլան է մղվում։ «Եթե խորհրդային վերջին տարիներին գրագիտության մակարդակով ու բարձրագույն կրթություն ստացողների տեսակարար կշռով ՀՀ-ն զբաղեցնում էր առաջատար դիրքեր ոչ միայն ամբողջ Խորհրդային Միությունում, այլև Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի երկրների մեջ, հիմա Հայաստանը վերջին տեղում է այդ թվով։ Հայաստանը զիջում է մոտավորապես 1.7 անգամ Վրաստանին ու Ադրբեջանին, 2.5 անգամ՝ Թուրքիային, 3.2 անգամ՝ Ռուսաստանին՝ հաշված մեկ միլիոն բնակչին ընկնող գիտնականների թվով։ Հայաստանում մոտավորապես 30 000 գիտնականից 35 տարվա ընթացքում մնացել է 3 000 գիտնական»,- ասաց Մխիթարյանը։
Արհեստական բանականության պայմաններում, երբ ցանկացած մարդ կարող է մի քանի վայրկյանում ստանալ գրագետ տեքստ, արդյո՞ք փոխվում է գրագիտության արժեքը, թե՞, ընդհակառակը, այն ավելի է կարևորվում։ Չկա՞ արդյոք վտանգ, որ արհեստական բանականությունից չափից ավելի կախվածությունը կնվազեցնի մարդու սեփական մտածելու, կարդալու և ձևակերպելու կարողությունը։ «Արհեստական բանականության հետ աշխատանքը ևս գրագիտության մասին է խոսում։ Այնպես չէ, որ դա վերաբերում է միայն Հայաստանին․ ամբողջ աշխարհում է այդպես։ Դա նշանակում է, որ մարդը պետք է համապատասխան հմտություններ և կարողություններ ունենա, որպեսզի աշխատի արհեստական բանականության հետ, ինչը, չէի ասի, որ Հայաստանի պարագայում կա»,- ասաց Մխիթարյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ հնարավոր է այս ամենը փոխել, եթե փոխվեն կրթության ոլորտում որոշում կայացնողները։ «Պետք է նշանակվեն այնպիսի մարդիկ, որոնք կրթության հետ առնչություն ունեն, ոչ թե այստեղից-այնտեղից հավաքված, որևէ առնչություն և հետագիծ չունեցող մարդիկ, որոնք որոշում են կայացնում՝ թե ով ինչ դասագրքով սովորի, որ դասագիրքը հանեն դպրոցից, ովքեր աշխատեն դպրոցում որպես ուսուցիչ, իսկ ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն՝ իրենց հանեն համալսարաններից։ Սա է այսօր մեր վիճակը, և արդյունքները մենք տեսնում ենք»,- եզրափակեց փորձագետը։
Ալիտա Եղիազարյան