«Շատ ընտանիքների վիճակն այնքան վատ է՝ անգամ հեռախոս չունեն՝ Ձեզ նամակ գրեն․ եթե այցելած լինեիք նրանց, մեզ հետ շփումներում ձեր անունը կտային, բայց չեն տվել»․ ընդդիմադիրները դեմ քվեարկեցին ՔՊ-ական թեկնածուին

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ՔՊ-ի կողմից առաջադրված ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։

Սակայն հանձնաժողովի անդամ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դեմ էին այս թեկնածությանը։ Նրանք դեմ քվեարկեցին։ Մարիամ Պողոսյանն, այնուամենայնիվ, 5 «կողմ» և 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Անդրանիկ Գևորգյան

Մարիամ Պողոսյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հարցրեց․ «Ասում եք՝ հինգ տարի աշխատել եք այս հանձնաժողովում, ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքի արդյունավետությունը։ Մեզ որևէ մարզում չեն ասել՝ տիկին Պողոսյանն այստեղ է եղել, մենք քննարկել ենք այս խնդիրները։ Ես եղել եմ Տավուշում և Լոռիում, ինձ այդպիսի բան չեն ասել։ Ինձ համար Ձեր՝ կատարված գործունեության չլուսաբանելու հետ կապված պատճառաբանությունը ընդունելի չէր․ ի՞նչ կար չլուսաբանելու։ Չեմ տեսել կատարված որևէ աշխատանք, բարձրացված հստակ հարց, որ սա տիկին Պողոսյանը բարձրաձայնել է և այդ հարցին լուծում է տրվել։ Այս ութ տարիներին մեր երկրում լուսաբանումը դարձել է ամենակարևորը, ֆեյսբուքով երկիր կառավարելու հարթակը հիմա շատ կարևոր է։ Ցանկացած բան լուսաբանվում է, սկսում են դրանով զբաղվել։ Միգուցե Դուք էլ շատ հարցեր թեկուզ ՖԲ-ով լուսաբանեիք, դրանց ավելի արագ լուծում կտրվեր»։

Մարիամ Պողոսյան

Մարիամ Պողոսյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ ում հետ եք խոսել, բնականաբար, մարզի բոլոր բնակիչները չեն կարող ասել։ Ես ունեմ թիրախային խմբեր, որոնց հետ բազմիցս հանդիպել եմ։ Ինչ վերաբերվում է լուսաբանմանը, իհարկե, շատ լավ լուսաբանմանը տիրապետում եմ, տիրապետում եմ՝ ինչը պետք է լուսաբանել, ինչը՝ ոչ։ Կան իրավիճակներ, որ ուղղակի թույլատրելի չէ լուսաբանումը․ գնացել եմ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպման, այդ կարգավիճակում իրենց նկարեի՞ ապաստարաններում, բնակարաններում ու ասեի՝ տեսեք՝ գնացել, մարդկանց հետ հանդիպել, խնդիր եմ լուծել։ Ամեն օր բազմաթիվ նամակներ եմ ստանում։ Միայն ՖԲ-ով չէ․ տիկտոկով, ինստագրամով։ Նամակների մեծ մասը լուծումներն են գտնում»։

Շիրազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանն էլ նշեց․ «Վերջին մեկ տարվա ընթացում եղել ենք տարբեր մարզերում։ Ասում եք՝ բազում նամակներ եմ ստանում, իսկ ես հանդիպել եմ ընտանիքների, որոնց խնդիրների շուրջ որևէ առարկայական ելույթ, բարձրաձայնում չի եղել։ Տվյալ ընտանիքները նույնիսկ Ձեզ նամակ գրել չեն կարող, քանի որ իրենց վիճակն այնքան վատ է, որ անգամ հեռախոս չունեն, որ Ձեզ նամակ գրեն։ Եթե այցելած լինեիք այն ընտանիքներին, նրանց խնդիրները բարձրաձայնած լինեիք, ես կարձանագրեի, որ գոնե ինչ-որ մեկն ինձնից բացի եղել է այդ տանը։ Մեկ-երկու անուն հնչել է, բայց ցավոք, Ձեր անունը չեմ լսել»։

Նազելի Բաղդասարյան

Այս խոսակցությանը միջամտեց Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Նա ասաց․ «Տեղեկացնեմ՝ այն բոլոր որոշումները, օրինագծերը, որոնք քննարկվում են, տիկին Պողոսյանը հանրամատչելի ձևով ներկայացնում է հանրությանը, որ բարդ իրավական տերմինաբանությունից դուրս գալով՝ այդ որոշումները հասու լինեն հանրությանը։ Այն գործունեությունը, որն իրականացնում է պատգամավորը, կարծում եմ՝ կասկածի տեղիք չի տալիս։ Որ հարցնում եք՝ պատգամավորի աշխատանքի արդյունավետության գնահատումը ո՞ր մեխանիզմով է իրականացվել, նշեմ, որ պատգամավորի գործունեության արդյունավետության մեկ չափանիշ կա․ ընտրությունների ընթացքում տվյալ քաղաքական ուժին տրված ձայները։ ՀՀ 720 հազար քաղաքացիներ, երբ ձայնը տվել են ՔՊ կուսակցությանը, այդ ձայնը տվել են՝ այդ թվում տիկին Մարիամ Պողոսյանին, որը մեր ցուցակում բավականին բարձր տեղ է զբաղեցրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment