Ասլանյանն ու Ղահրամանյանն ընտրվել են ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներ (PAN.am)

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանն ընտրվել է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Նրա ընտրությանը մասնակցել և աջակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։

Մամիկոն Ասլանյանն ընդգծել է, որ հանձնաժողովի նիստերը չպետք է ունենան ձևական բնույթ, հայտնում է Factor.am-ը:

«Ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է, ամենայն կարևորությամբ և լրջությամբ պետք է վերաբերվենք մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-իր խոսքում նշել է նա։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, հայտնում է Aysor.am-ը:

Նույն հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է 29 մանդատ:

Leave a comment