«Կարծում եմ այս հանձնաժողովն առավելագույնս մեր տնտեսության այսօրվա վիճակի, ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների վրա ազդեցության և խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է։ Բոլորս, ովքեր ներգրավված ենք այս հանձնաժողովում, ամենայն լրջությամբ ու կարևորությամբ պետք է վերաբերվենք մեր հայրենիքի ու երկրի առաջ դրված խնդիրների առաջնահերթություններին և կարողանանք խորհրդարանական լիազորությունների շրջանակում նպաստել տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը այն մասշտաբներով, ինչը այսօր թույլ է տալիս աշխարհաքաղաքականությունը և տարածաշրջանի երկրների նկատմամբ ունեցած մեր քաղաքականությունը։ Այստեղ գործնական քայլերը պետք է նպատակադրված լինեն և հանձնաժողովի աշխատանքը չկրի ձևական բնույթ»,- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։
Նա ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ համաձայնագրի վավերացման դեպքում գնահատե՞լ եք ռիսկերը ԵԱՏՄ-ին անդամակցությունը շարունակելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու տեսանկյունից, ո՞րն է կառավարության դիրքորոշումը։ Տիգրան Գասպարյանը պատասխանեց․ «ՀՀ-ն ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և մենք նաև գնահատում ենք այն ռիսկերը և խոչընդոտները, որոնք ստեղծվել են ՀՀ արտահանման շուրջ։ Փորձում ենք ակտիվորեն օգտագործել մեխանիզմները, որոնք առկա են ԵԱՏՄ շրջանակում, որ այդ խոչընդոտների մասով ունենանք բարենպաստ լուծումներ։ Այս համաձայնագիրը դիտարկում ենք այն կողմից, որ ՀՀ-ն ԵԱՏՄ լիարժեք անդամ է, և շարունակելու ենք աշխատանքը դրա շուրջ»։
Էդգար Ղազարյանը նաև հետաքրքրվեց՝ Ինդոնեզիայի հետ առևտրաշրջանառության ի՞նչ ծավալների հետ գործ ունենք։ Նախարարի տեղակալը պատասխանեց․ «Առևտրաշրջանառությունը 2025-ին 79,3 միլիոն ԱՄՆ դոլար է եղել և դրա 90-ից ավելի տոկոսը ներմուծում է եղել։ Ինդոնեզիայից ՀՀ ներմուծվել է սուրճ, նիկոտինի արտադրանք, պլաստմասային թերթեր, կակաո փոշի»։
Փաստմանը՝ հայկական ապրանքները ՌԴ արտահանման խնդիր ունեն և հարցին՝ արդյոք նախարարությունից գործուղման մեկնե՞լ են Ինդոնեզիա պայմանավորվածություն ձեռք բերելու օգնելու հայ տնտեսվարողին այդ մեծ շուկա արտահանելու համար, ինչո՞ւ իրական քայլեր չեն իրականացնում այդ ուղղությամբ, Տիգրան Գասպարյանը պատասխանեց․ «Կան լոգիստիկ ռիսկեր, և իրականում շարունակական աշխատանք է տարվում էկոնոմիկայի նախարարության կողմից։ Դեռ այց չի եղել Ինդոնեզիա։ Այս առումով Ինդոնեզիայի շուկան մեզ համար բացվելուց հետո կլինի այն առաջնահերթ շուկաներից մեկը, որ կարողանանք արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցին՝ բացի ԵՄ-ից հնարավոր չէ՞ նաև այլ ուղղությունների խթանման համար ֆինանսավորել թիրախային շուկաները ՀՀ բյուջեից, Տիգրան Գասպարյանը պատասխանեց․ «Համաձայն եմ, որ խթաններն ավելի լայն շուկաների համար պետք է լինեն, բայց նաև պետք է շատ թիրախային մոտեցում ունենանք»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության Էդգար Ղազարյանը մտահոգություն հայտնեց․ «Փաստաթուղթը, որը ներկայացված է, չափազանց կարևոր է, որովհետև ցույց է տալիս ՀՀ կառավարության փաստացի ձախողումը դիվերսիֆիկացված արտաքին առևտրի իրականացման իմաստով։ Ինդոնեզիա ընդհանուր 30 հազար դոլարի ապրանք է արտահանվել ՀՀ-ից, այստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան ընդհանուր արտահանման ծավալը, մի երկիր, որն ունի 250 միլիոն բնակչություն։ Այս պահին ՀՀ կառավարությունը ռիսկեր է ստեղծել հատկապես ԵԱՏՄ անդամակցության այն շրջանում, երբ ԵԱՏՄ-ն արագ զարգացում է ապրում․ վավերացրեց Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ ՀՀ-ն միակ երկիրն է ԵԱՏՄ անդամներից, որ Իրանի հետ ունի ցամաքային սահման, բայց ՀՀ կառավարության մեկ այլ քաղաքականության հետևանքով, դա վտանգված է։ Եթե վարչապետի հայտարարությունը, Աստված չանի, իրականություն դառնա, և չհաջողվի մեզ դա խաթարել, Տիգրանաշենի հանձնումն Ադրբեջանին նշանակում է փակել Տիգրանաշենի հատվածից Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը և փակել այդ շուկայի ամբողջ հնարավորությունների հասանելիությունը։ Ափսոսում եմ, որ այս համաձայնագիրն այս կառավարությունը պետք է իրականացնի, քանի որ չի կարող իրականացնել։ Հուսամ՝ իրականացման փուլում կառավարության փոփոխություն կլինի»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն էլ առաջարկեց․ «Որ հանձնաժողովն իր բնականոն աշխատանքներն իրականացնի, քանի որ հիմնականում այս հանձնաժողովի գործունեությունը միտված է տնտեսական գործունեությանը, կխնդրեմ, որ չգան, այստեղ անհիմն հայտարարություններ չանեն։ Ես նաև կոչ կանեմ «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին, որ Էդգար Ղազարյանը չգա, մեր աշխատանքները խանգարի»։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների հակադարձումներին ի պատասխան հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանն ասաց․ «Ոչ մի վիրավորական բան չի հնչել։ Դուք էլ եք խոսք ասել, որը մեզ հաճո չի եղել․ օրինակ՝ պարոն Ղազարյանը»։
Էդգար Ղազարյանն էլ, հղում կատարելով հանձնաժողովի աշխատակարգին, ասաց, որ ըստ դրա՝ յուրաքանչյուր պատգամավոր իր ցանկությամբ և հայեցողությամբ նիստերին լիարժեք մասնակցելու իրավունք ունի։ Արամ Խաչատրյանն էլ ասաց՝ չի ասել, թե իրավունք չունի, ուղղակի կոչով է հանդես եկել։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող նախագծին միաձայն կողմ քվեարկեց։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: