Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունները կարևոր են անձի սոցիալական վերաինտեգրման, վարքային ռիսկերի նվազեցման և կրկնահանցագործության կանխարգելման համար։ Սակայն այդ ծառայությունները մատուցում են ոչ թե հաստատությունները, այլ մասնագետները՝ հոգեբանները, սոցիալական աշխատողները, մանկավարժները, կախվածությունների և վարքային խնդիրների մասնագետները։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի իրականացրած հետազոտությունը վկայում է, որ հենց այս՝ մասնագիտական կարողությունների օղակում է ոլորտի ամենախորը խնդիրը։
«Դեռ վաղուց խնդիր ենք դրել, որ պետք է պատժողական քաղաքականությունից անցնենք վերասոցիալականացման քաղաքականության, բայց դրա համար այն բարեփոխումները, կառուցվածքը, որ ունենք քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունում, թույլ չի տալիս, որ այդ գործողությունն արդյունավետ իրականացվի: Այսօր ունենք քրեակատարողական և պրոբացիայի ծառայողներ՝ հիմնականում իրավաբաններ, որոնք կիսառազմականացված կառույց են ներկայացնում եւ իրենց ամբողջ կերպարով, էությամբ ուղղված են ավելի շատ պահպանության, անվտանգության ապահովման խնդիրների լուծմանը»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ո՞վ է իրականացնում վերականգնումը. մասնագիտական կարողությունները քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։
Նրա խոսքով. «Գործում է քաղծառայողների շատ փոքր թիմ: Նրանք ավելի շատ սոցիալական աշխատողներ են և հոգեբաններ: Այդ փոքր թիմը հնարավորություն չունի և ընդունակ էլ չէ լիարժեք վերասոցիալականացման աշխատանքներ կատարել»։ Արտակ Կիրակոսյանը փաստմամբ՝ նոր օրենքով պրոբացիան քրեակատարողական ծառայությունից առանձնացվել է, բոլորը դարձել են քաղծառայողներ, արդյունքում հետդարձ է եղել, ավելի գնացել են անվտանգությունը պահելու խնդիրները ուժեղացնելու ուղղությամբ։
«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի խոսքով, խնդիրը կառուցվածքային է: Նա նշեց, որ անընդհատ կառուցվածք փոփոխելու կամ լավարկելու փոխարեն կոնկրետ լուծումների փաթեթ են առաջարկում. «Դա հնարավորություն է տալիս և առկա իրավական կարգավիճակը, և աշխատողների գործառույթները պահպանել: Մենք առաջարկում ենք արտապատվիրակման մեխանիզմը, այսինքն՝ մասնագիտական սեկտորին ներգրավել այդ կառույցների աջակցության մեջ: Դա կարող է լինել դրամաշնորհի կամ ծառայությունների ձեռքբերման ձևով: Առաջարկում ենք արտապատվիրակել մի շարք ծառայություններ, օրինակ՝ հոգեբանական ծառայությունների սպեկտրը, սոցիալական ինտեգրման, կյանքի հմտությունների, աշխատաշուկայի ծառայությունները»։
«Ամենալուրջ խնդիրը կախվածության խնդիրն է՝ թմրանյութերից, խաղային կախվածություն և այլն: Մենք դրսում ունենք բավականին զարգացած ծառայություն տրամադրողներ, որակյալ մասնագետներ: Հնարավոր չի պատկերացնել՝ արդյոք նրանք կգնան քրեակատարողական ծառայությունում աշխատելու, բայց կարելի է ունենալ սուպերվիզիայի ծառայություն, որի արդյունքում նրանք տեղում հոգեբանների ու դատապարտվածների հետ կկարողանան աշխատել: Դա վերաբերվում է նաև պրոբացիային»,- հավելեց Արտակ Կիրակոսյանը։
Քննարկումն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: