Մալիշկայից մինչև Արտաբույնք․ ո՞ւր կորավ գյուղացիներին ահաբեկող «ուրվականը»

Դեռ օգոստոսին Վայոց ձորի մարզում հայտնված դիմակավորված անհայտ անձը, ինչպես անսպասելի հայտնվել էր, նույնքան անսպասելի էլ անհետացել է մարդկանց տեսադաշտից։

Հիշեցնենք՝ նրա մասին առաջինն ահազանգել էին Մալիշկայի բնակիչները, որից հետո անհայտ անձը շարունակել էր հայտնվել հարևան գյուղերում։

Բնակիչների պատմելով՝ նա ցատկում էր բարձր տեղերից, հանդիպած մարդկանց ուղղությամբ քարեր նետում կամ լույս գցում նրանց աչքերին, ապա անհետանում։ Քարերով հարվածում էր տների տանիքներին ու պատուհաններին, բակերում շուռ տալիս փռված լվացքը։ Նրան փնտրում էին բոլորը, սակայն հայտնաբերում էին միայն ոտնահետքերը։ 

«Երևի արդեն 10 օր է՝ նրանից ոչ մի լուր չկա։ Գիտեմ, որ վերջին անգամ նրան նկատել են Արտաբույնք գյուղում։ Դրանից հետո անհետացել է ու չկա։ Բոլոր գյուղերում մարդիկ հերթապահում էին, որ բռնեն, հասկանան՝ որն է պատճառը, որ մեզ վախեցնում է, բայց չհաջողվեց։ Երևի հիմա մի թաքուն տեղ նստած կարդում է ու ծիծաղում մեր վրա։ Բայց այստեղ ավելի կարևոր է ընդգծել իրավապահների անգործությունը»,- MediaHub-ին ասել է Վայոց ձորի բնակիչը։

Դեպքին անդրադարձել էր նաև ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։

«Մալիշկայի դեպքը մեզ հայտնի է, աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ընդգրկված են նշված անձի հայտնաբերման ուղղությամբ։ Հայտնաբերման դեպքում հանրությանը կիրազեկենք»,- ասել էր Ցուցուլյանը։

Անհայտ անձի հայտնվելուց մոտ մեկուկես ամիս է անցել։ Բնակիչներին ահաբեկող մարդն անհետացել է, սակայն հարցերը մնացել են։

«Ո՞վ էր այդ մարդը և ի՞նչ նպատակով էր հայտնվել Վայոց ձորի գյուղերում, չգիտենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Leave a comment