Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի բիզնես հատվածի շրջանառությունն աճել է 11.9%-ով՝ հասնելով 67.5 մլրդ լարիի։ Աճ է արձանագրվել նաև հատվածի արտադրանքի արժեքում՝ այն կազմել է 25.7 մլրդ լարի, ինչը 10.7%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Ընդհանուր շրջանառության 69.8%-ը բաժին է ընկել խոշոր ձեռնարկություններին, 11.6%-ը՝ միջին, իսկ 18.6%-ը՝ փոքր ձեռնարկություններին։ Արտադրանքի արժեքի բաշխումն այլ պատկեր ունի․ 48.6%-ը բաժին է ընկել խոշոր ընկերություններին, 23.6%-ը՝ միջին, իսկ 27.8%-ը՝ փոքր ընկերություններին։
Ձեռնարկությունների կողմից ապրանքների և ծառայությունների գնումների ընդհանուր ծավալը կազմել է 32.5 մլրդ լարի՝ աճելով 4.9%-ով, իսկ վերավաճառքի նպատակով կատարված գնումների ծավալը կազմել է 19.4 մլրդ լարի՝ աճելով 9.3%-ով։
Հատվածում զբաղվածների միջին թիվը գնահատվել է 828.4 հազար մարդ՝ 4.1%-ով ավելի, քան նախորդ տարի։ Նրանցից 43.8%-ը կանայք են, իսկ 56.2%-ը՝ տղամարդիկ։
Խոշոր ձեռնարկություններն ապահովել են զբաղվածների ընդհանուր թվի 42.6%-ի աշխատանքը, միջին ձեռնարկությունները՝ 19.7%-ի, իսկ փոքրերը՝ 37.7%-ի համար։ Ընդհանուր առմամբ՝ հատվածը աշխատակիցների աշխատավարձերի վրա ծախսել է 5.8 մլրդ լարի՝ 10.3%-ով ավելի, քան նախորդ տարի։ Միջին աշխատավարձը կազմել է 2 471.5 լարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 153.8 լարիով։
Միջին ամսական աշխատավարձն ըստ ձեռնարկությունների չափի.
- խոշոր բիզնես՝ 2 622.8 լարի,
- միջին բիզնես՝ 2 918.9 լարի,
- փոքր բիզնես՝ 1 972.3 լարի:
Բիզնես հատվածի ընդհանուր շրջանառության մեջ տարբեր ոլորտների մասնաբաժինները․
- արվեստ, զվարճանք և հանգիստ՝ 36.5%,
- առևտուր՝ ներառյալ ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում՝ 32.4%,
- մշակող արդյունաբերություն՝ 8.1%,
- տրանսպորտ և պահեստավորում՝ 4.8%,
- շինարարություն՝ 4.8%,
- տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ՝ 3.4%
- այլ ոլորտներ՝ 10%: