Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ
Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։