ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն օրերս ասուլիսի ժամանակ հայ ռազմագերիների հետ կապված սահմռկեցուցիչ տվյալներ է հայտնել: Սահակյանը պատմել է, թե Բաքվում ինչպես են հայ ռազմագերիներին առանձնակի դաժանությամբ խոշտանգում:
Սահակյանի այս հայտարարություններից հանրությունը ցնցվեց, հերթական անգամ համոզվեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթության անվան տակ թաքնված վայրի ցեղ: Իսկ ի՞նչ արձագանք եղավ միջազգային կառույցներից, նման դաժան մանրամասներ հրապարակելուց հետո:
Սիրանուշ Սահակյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նկատեց. «Ցանկալի չէ որոշակիացնել, քանի որ կողմերից մի քանիսը տանելու են որոշակի աշխատանք, այս պահին հասցեական չէի ցանկանա մատնանշել, թե որ միջազգային կառույցներին ենք դիմումներ հասցեագրել, դրանք կառույցներ են, որոնք խոշտանգումների կանխարգելման եւ մարդու իրավունքների հարցերով ունեն մանդատներ: Որոշակի արձագանքներ ունենք, խնդրին ծանոթ ենք: Շփումների ընթացքում խոստացել են ուշադրության կենտրոնում պահել հարցը, ավելի կոնկրետ` Բաքվում գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների առողջական վիճակի հարցը, իսկ առհասարակ խոշտանգումների առնչությամբ կան լուրջ արձանագրումներ, օրինակ՝ Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի դեմ զեկույց է հրապարակել, մեջբերեմ մի հատված. «Ադրբեջան։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել զինված հակամարտության եւ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային եւ էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ սպանությունների, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի առնչությամբ, ինչպես նաեւ՝ այդ մեղադրանքների վերաբերյալ հետաքննությունների եւ քրեական հետապնդումների ենթադրյալ բացակայության կապակցությամբ։ Կոմիտեն մտահոգություն է հայտնել նաեւ ահաբեկչության եւ դրա հետ կապված այլ հանցագործությունների մեղադրանքով հայկական ազգային կամ էթնիկ ծագում ունեցող 23 անձանց շարունակական կալանավորման վերաբերյալ։ Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ցանկացած խախտում անընդունելի է։ Այն նաեւ կոչ է արել իրականացնել ենթադրյալ ծանր խախտումների վերաբերյալ անկախ, անաչառ, թափանցիկ եւ արդյունավետ հետաքննություններ եւ պետությանը հորդորել է պատասխանատվության ենթարկել ու արդարադատության առաջ կանգնեցնել մեղավորներին»։ Այստեղ հստակ արձանագրված է, որ հայ ռազմագերիները խոշտանգվել են, իսկ Ադրբեջանն արդյունավետ քննություն չի ապահովում: Նշեմ, որ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերի առնչությամբ ունենք նաեւ Եվրոպական դատարանի դատական ակտերը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: