«Երեւանտրանս» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, նախագիծը քննարկվում է Երեւանի ավագանու այսօրվա նիստում։
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ «Երեւանտրանսի» լուծարումը Երեւանի ավագանու հաստատած «Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման որոշման տրամաբանական շարունակությունն է։
Ավագանու նիստում Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Երեւանում երթեւեկության խնդիրներին։ «Այսօր հանրության շրջանում քննարկվում է Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի արդյունավետության եւ քաղաքի երթեւեկության առաջ ծառացած մարտահրավերների հարցը։ Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ որոշակի ինֆորմացիա հայտնել, թե քաղաքային իշխանության կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել եւ ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկի ստեղծումը միտված է էլ ավելի տվյալահեն որոշումների կայացմանը։ Ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն իսկ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք վերաբերում են Երեւանի երթեւեկությանը։ Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երեւանի լուսացուցային ենթակառուցվածքը»,- ասաց նա։
Սուրեն Գրիգորյանը նաեւ մանրամասնեց, թե խցանումները թեթեւացնելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց Մետրոպոլիտենի մասին։ «Փաստ է, որ այսօր Երեւանի Մետրոպոլիտենն իր հզորության կեսի չափով է գործում եւ պատճառը շարժակազմի սակավ լինելն է։ Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է, մարդիկ չեն տեղավորվում։ Ե՞րբ կունենանք նոր շարժակազմ ու լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ»։
Սուրեն Գրիգորյանն ասաց․ «Արդեն մրցույթն իրականացվել է, եւ հիմա կառավարությունից ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր է վերանորոգել, ստացվի, ինչպես նաեւ ԾԻԳ-ի կողմից նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ համապատասխան աշխատանք իրականացվում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանն ասաց․ «Ես կուզեմ, որ ձեր շփումները պարեկային ծառայության հետ ավելի կոշտ լինեն, քանի որ պարեկները պատշաճ չեն աշխատում, չեն հետեւում կայանած մեքենաներին, ովքեր կայանում են չթույլատրված տեղերում։ Այսինքն՝ մի հատ կոշտ եղեք իրենց հետ, չգիտեմ՝ ոնց եք անում, այնպես արեք, որ իրենք մեր ընդունած օրենքներին ու գծանշումներին պատշաճ հետեւեն»։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ պարեկային ծառայության հետ ինտենսիվ աշխատում են։ «Մեր դիտարկմամբ՝ այնտեղ ոչ այնքան մոտեցման կամ սրտացավության բացակայություն է, ինչքան ռեսուրսների ավելացման անհրաժեշտություն կա»,- հավելեց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: