«Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։
Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ մեղադրականից դուրս են բերվել մի շարք առանցքային դրվագներ։ Մասնավորապես, փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին, հայտնում է «Ազատությունը»:
«Երբ որ մենք նայում ենք մեղադրանքը, հատուկ ծառայությունների կամ պետական մարմնի ձևակերպումները չկան էլ, դուրս են եկել։ Հիմա շփումները եղել են հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ։ Դրա համար եմ ասում՝ այս մեղադրանքը ինքնին այն աստիճանի է առաջինից մինչև հիմա կտրուկ փոխվել… Սա նաև շատ կարևոր է, որ այդ առաջին գաղտնալսումները, ենթադրաբար, հետևելը, պրոցեսները իրականացրել են այն տրամաբանությամբ և դատարանից թույլտվություններ ստանալուց միշտ կառուցվել է այլ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման տրամաբանության վրա։ Հիմա այդ ամբողջը դուրս է գալիս…», – ասել է Օրբելյանը:
Թևանյանի մեղադրական եզրակացությունից դուրս է եկել նաև մեկ այլ դրվագ։ Ըստ Արամ Օրբելյանի՝ մեղադրանքում այլևս չկա պնդումը, թե իբր Թևանյանը 622 հազար դոլարի դիմաց է պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին։
Փաստաբանի խոսքով՝ ամենամեծ զավեշտն այն է, որ նախաքննության սկզբում 622 հազար դոլարի մասին տեղեկությունը քննչական մարմինը վերցրել է դրամաշնորհի վերաբերյալ նախահաշվից։ Անդրանիկ Թևանյանն այն ժամանակ լինելով քաղհասարակության ներկայացուցիչ՝ տարբեր դրամաշնորհային ծրագրերի նախահաշիվներ է կազմել, այսինքն՝ ընդամենը պլանավորել են, և գումարներ, ըստ Արամ Օրբելյանի, չեն էլ ստացել։
Թևանյանի գործում փոխվել են նաև այն հոդվածները, որոնցով հարուցվել էր քրեական վարույթը։ Եթե Քննչական կոմիտեն դեռ մայիսին հաղորդել էր, որ վարույթը հարուցել են դավաճանության և լրտեսության հատկանիշներով, ապա այժմ լրտեսությունը փոխարինվել է պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով։
Իրավապահները պնդում են, որ Թևանյանը 2024 թվականին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով սահմանազատման հարցով Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի։ Փաստաբանի համոզմամբ, մինչդեռ, ապացույցների բացակայությամբ և ենթադրությունների հիման վրա կազմված այս գործը ընդհանրապես դատարան չպետք է գնար։ Սեպտեմբերի 8-ին մեկնարկում է Անդրանիկ Թևանյանի գործով դատավարությունը, որով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը: