Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություն և ԵՄ-ի հետ մեր ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչ է, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը և ակնկալում ենք նրա կառուցողական ներգրավվածությունն այս գործընթացի բոլոր փուլերում: Հուսով ենք, որ Լատվիայի շարունակական աջակցությամբ Հայաստանը կկարողանա առաջ մղել բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որն անկյունքարային նշանակություն ունի երկիրը Եվրոպական միությանը մերձեցնելու մեր ջանքերում»,-ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է կառուցել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, բարեկամության ու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։
«Մեր այսօրվա քննարկումների առանցքում էր տնտեսական համագործակցության ընդլայնումը և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Մենք համակարծիք ենք, որ կարևոր է մեր ամուր քաղաքական երկխոսությունը վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների՝ ավելի խթանելով երկկողմ առևտուրը, խրախուսելով ներդրումները և սերտ կապեր հաստատելով մեր գործարար համայնքների միջև։
Այս համատեքստում ես իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնեցի նախարար Բրաժեին՝ Լատվիայի շուկա հայկական որոշ ապրանքների հրատապ արտահանման դյուրացման հարցում նրա արագ արձագանքի և աջակցության համար։ Այս գործնական աջակցությունը մեծապես գնահատվում է և վկայում է Լատվիայի պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը խիստ անհրաժեշտ պահին։
Մենք նաև ընդգծել ենք գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, մեր երկրների մասնավոր հատվածների միջև ուղիղ կապերի, ինչպես նաև երկու երկրների ներդրումների խթանման գործակալությունների միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։ Հայաստանը պատրաստ է Լատվիայի հետ ուսումնասիրել ներդրումային կոնկրետ հնարավորություններ և մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր»,-ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ կողմրը պայմանավորվել են առավել թիրախային և արդյունքահեն համագործակցության զարգացման անհրաժեշտության շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունությունը, թվային փոխակերպումը, առաջատար տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը, էլեկտրոնային կառավարումը, կիբեռանվտանգությունը և կրթությունը։
«Այսօր մենք նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ավելի լայն աշխարհաքաղաքական իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ։
Ես ներկայացրել եմ Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։ Մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, որն անմիջական արդյունքն է մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության և կայունության։ Դրա վառ օրինակ է ԹՐԻՓՓ նախագիծը, որը շուտով կմտնի կառուցման փուլ։ Ես ընդգծեցի, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները զգալի հնարավորություններ են ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխկապակցվածության ծրագրերի առաջմղման համար»,-ասել է Միրզոյանը:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել:
«Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն։
Հուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ակնկալում է մինչև 2029 թվականը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում։