Միգուցե պատերազմից անմիջապես հետո հնարավոր էր մոտավոր թվերից խոսել՝ հաշվի առնելով, որ տեղի ունեցածը դեռ թարմ էր ու ճշտումների, հստակեցումների կարիք կար։ Այդ դեպքում ինչ-որ կերպ կարելի էր ըմբռնումով մոտենալ թվերի տարբերությանը։ Բայց ամենազարմանալին այն է, որ պատերազմից վեց տարի է անցել, սակայն հստակ պատկեր դեռևս չունենք։
Դժվա՞ր էր զոհերի ու անհետ կորածների քանակը պարզել ու հրապարակել կոնկրետ անուն-ազգանուններով: Իհարկե՝ ոչ։ Շատ արագ կարելի է այդ հարցին վերջնական ու մեկընդմիշտ լուծում տալ: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն հրապարակում զոհերի ու անհետ կորածների ցուցակները, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Իսկ գուցե նրանք վախենո՞ւմ են նման ցուցակ հրապարակել, ինչի՞ց են վախենում: Եվ արդյո՞ք տրամաբանական չէ, որ մարդկանց շրջանում կասկածներ կան, թե ինչու չեն հրապարակվում այդ տվյալները, կասկածներ կան, որ այդ թվերը էականորեն տարբերվում են նրանից, ինչ ներկայացվում է հիմա։ Պատահական չէ, որ պատերազմից հետո և մինչ այսօր տարբեր թվեր են շրջանառվում, այդ թվում՝ 5 հազար զոհերի մասին խոսակցությունները, ավելին՝ սոցցանցերում նույնիսկ հանդիպում են շատ ավելի մեծ թվեր, ինչից քպականներն ընկնում են հիստերիայի մեջ, իսկ Արարատ Միրզոյանը նույնիսկ այնքան էր ոգևորվել, որ այսպիսի արտահայտություն թույլ տվեց. «Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք»։
Եթե չկա զոհերի ամբողջական, հստակ անվանական ցուցակ, բնական է, որ միշտ էլ տարբեր մեկնաբանություններ, տարբեր թվեր լինելու են, նույնիսկ շահարկումներ, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Միայն հերքելով կասկածները չեն վերանում, քանի դեռ վերջնական հաստատված ցուցակ չկա։
Որպեսզի նման հակասություններ չլինեն, որպեսզի չլինեն «շահարկումներ», դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ հրապարակեք բոլոր զոհվածների ու անհետ կորածների անունները, և վերջ: Այդ ժամանակ զոհ ունեցած կամ իրենց զավակի, հարազատի մասին տեղեկություն չունեցողները կտեսնեն՝ կա, արդյոք, իրենց հարազատի, զավակի անունը այդ ցուցակում: Եթե «բացեր» չլինեն, արձագանքներ չլինեն, բոլորն էլ կհասկանան, որ, այո, հենց այնքան են մեր զոհերը, որքան ներկայացվում է: Եթե չկա անհանգստանալու բան, ինչի՞ համար է այս ձգձգումը, ի՞նչն է խանգարում հրապարակել այդ ցուցակը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: