Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը

Հայաստանից ԱՄԷ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը մեկնարկել է՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն, որի հետ քննարկվել են նաև Հայաստանում ներդրումների և հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները։

«Օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։

Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է տարածքով, ծանոթացել գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։

Քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ գործակցել՝ ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment