Ադրբեջանը պայթեցման աշխատանքներ է սկսել Սոթքի ոսկու հանքավայրում

Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի (Զոդի) ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ընկերությանը։

AzerGold-ի տվյալներով՝ առաջին վերահսկվող պայթեցումն իրականացվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Ընկերությունն այն համարել է հանքավայրի ակտիվ շահագործման փուլին անցնելու կարևոր քայլ։

2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափագրումներ և ընդհանուր 18 հազար մետր երկարությամբ հորատման աշխատանքներ։ Հետախուզական աշխատանքների արդյունքներով՝ ընկերությունը հանքավայրի արդյունահանելի մնացորդային պաշարները JORC ստանդարտի համաձայն գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սոթքի հանքավայրի տարածքի կեսից ավելին անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտնել էր, որ պետական սահմանը գրեթե հանքավայրի կենտրոնական մասով է անցնում։ Նրա խոսքով՝ հանքի եզրագծով ցանկապատ էր տեղադրվել, իսկ ճանապարհին՝ անցակետ։

Հետագայում հանքավայրի հայկական հատվածում աշխատանքները բազմիցս դադարեցվել էին ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով։ 2021 թվականի հուլիսին «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը Armenia Today-ին հայտնել էր, որ անկանոն կրակոցների պատճառով տարհանել է աշխատակիցներին և տեխնիկան, իսկ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է։

2023 թվականի ապրիլին սահմանային փոխհրաձգության հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը կրկին ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ անձնակազմը՝ տարհանվել։ «Գեոպրոմայնինգ»-ի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ընկերությունը որոշումն ընդունել է աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

Նույն տարվա ապրիլից Բաքվի պարբերական կրակոցների հետևանքով Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատակիցների ուղարկել էր հարկադիր արձակուրդի։

2025 թվականի դեկտեմբերին Armenia Today-ը, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրել էր, որ Բաքուն Սոթքի հանքավայրի մոտակայքում ճանապարհներ է կառուցում և նախատեսում է սկսել դրա շահագործումը։ Ըստ հրապարակման՝ աշխատանքների ավարտից հետո հանքը նախատեսվում էր հանձնել AzerGold-ին։

Leave a comment