Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը կփակվի. ՌԴ ԱԳՆ

Բաժանորդագրվել

Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը։ Հյուպատոսությունն իր գործունեությունը պետք է դադարեցնի սեպտեմբերի 18-ից ոչ ուշ, նույն օրվա դրությամբ կառույցի բոլոր աշխատակիցները պետք է լքեն երկիրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Որոշումն ընդունվել է ի պատասխան Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման:

«Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Բեռլինում Գիտության և մշակույթի ռուսական տան փակման՝ գերմանական կողմի ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտարարվել է պատասխան միջոցների ձեռնարկման մասին», – ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու երկրների հարաբերություններում լարվածության նոր փուլի պատասխանատու համարում է Բեռլինին:

«Հենց գերմանական իշխանություններն են հերթական անգամ սրացման նոր փուլ հրահրել երկկողմ հարաբերություններում։ Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Գերմանիայի կառավարության վրա», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ սեպտեմբերի 18-ին կփակվի ԲոննումՌուսաստանի գլխավոր հյուպատոսությունը: Բեռլինը նաև որոշել է խզել համաձայնագիրը, որը կարգավորում է Գերմանիայի մայրաքաղաքում Գիտության և մշակույթի ռուսական տան գործունեությունը:

Ռուսաստանն այդ քայլերն անվանել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խզմանն ուղղված գործողություն: Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Բեռլինի որոշման հետևանքը կլինի Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը:

Leave a comment