Ֆրանսահայ ձեռնարկատեր Միքայել Պետրոսյանը (Mikaël Petrossian), ով ներկայացնում է Petrossian ընտանեկան գաստրոնոմիկ ապրանքանիշը, ընդգրկվել է Vanity Fair France-ի վարկածով 2026 թվականի 20 ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսահայ ձեռնարկատեր Միքայել Պետրոսյանը (Mikaël Petrossian), ով ներկայացնում է Petrossian ընտանեկան գաստրոնոմիկ ապրանքանիշը, ընդգրկվել է Vanity Fair France-ի վարկածով 2026 թվականի 20 ամենալավ հագնված ֆրանսիացիների ցանկում, հայտնում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը։
«Qui sont les 20 Français les mieux habillés de 2026?» («Ովքե՞ր են 2026 թվականի 20 ամենալավ հագնված ֆրանսիացիները») վարկանիշային աղյուսակը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին: Դրանում ընդգրկվել են կինոյի, նորաձևության ինդուստրիայի, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչներ:
Ինչպես նշում է Vanity Fair France-ը, պարբերականն առանձնացրել է տղամարդու դասական ոճը հագուստի առավել ազատ էլեմենտների հետ համադրելու Պետրոսյանի ունակությունը:
Մասնավորապես, Vanity Fair France-ը ուշադրություն է դարձրել դասական կոստյումների, վերնաշապիկների և կոշիկների համադրությանը վինտաժային բեյսբոլի բաճկոնի հետ, որը նրա զգեստապահարանի էլեմենտներից մեկն է: Պարբերականի վարկածով՝ հենց խիստ դասականի և առավել ազատ դետալների համադրությունն է դարձել նրա ոճի առանձնահատկություններից մեկը:
Միքայել Պետրոսյանը ներկայացնում է Petrossian ապրանքանիշի հետ կապված ընտանիքի երրորդ սերունդը: Ընկերությունը հիմնադրվել է Փարիզում 1920 թվականին հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից:
Ընկերության պաշտոնական պատմության համաձայն՝ 2010 թվականից Միքայելը և նրա եղբայր Ալեքսանդր Պետրոսյանը մասնակցում են ընտանեկան բիզնեսի կառավարմանը՝ զարգացնելով այն Փարիզի և Նյու Յորքի միջև: