Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը: Լոռու մարզի դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի դեկտեմբերի 16-ից՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա, ուսումնասիրել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբին կնքված 25 պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտներն այն օգտագործել են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային եղանակով։ Դրա հետևանքով այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ 2026 թվականի օգոստոսի 19-ին, շրջել է նաև Հրանտ Մաթևոսյանի անվան այգում և մարզի դատախազին մի շարք հանձնարարականներ տվել։
Լոռու մարզի դատախազությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին միջնորդագիր է հասցեագրվել՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված՝ 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով։
Միջնորդագրի արդյունքում 2026 թվականի սեպտեմբերի 9-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25/5-2 հողամաս հասցեում գտնվող ևս մեկ՝ 32.6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը։ Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 342 հազար դրամ, իսկ տարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքի տիրապետմանը։
Մինչ այժմ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքը խզել է ընդհանուր 12935.3 քմ մակերեսով 20 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը։ Դրանցից 12-ը՝ ընդհանուր 3792.45 քմ մակերեսով, արդեն ստացել են կադաստրային գրանցում։ Մնացած պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։