Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Հովհաննավանքում վերջին շրջանում արձանագրված մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, տվյալ դեպքում՝ խնջույքի կազմակերպումը, ինչը «խաթարել է վանքի հոգևոր ու աղոթական մթնոլորտը և անհանգստություն պատճառել շրջակայքի բնակիչներին»։ Այդ մասին ասվում է հայտարարության մեջ:
«Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացյալների բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Արագածոտնի թեմը ևս խստորեն դատապարտել է վանական համալիրի տարածքը «որպես խնջույքի կազմակերպման վայր օգտագործելը»:
«Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:
Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց ցավոք մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ ։
Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»,-ասվում է թեմի հայտարարության մեջ:
Կարգալույծ հռչակված քահանա Ասատրյանը, որի ավազանի անունը Ստեփան Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է համացանցում շրջանառվող տեսանյութի իսկությունը և պնդել, որ տարածված նյութերը զրպարտչական են։
«Սիրելիներ, երեկվանից համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր այն մասին, թե իբրև Հովհաննավանքի տարածքում հարսանեկան արարողությունից հետո հնչել են սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն։
Տեղեկացնում եմ, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը։ Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը»,-նշել է նա:
Ավելի վաղ լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից, որ Հովհաննավանքից «բլատնոյ» է հնչում, փարթիներ, կերուխում են կազմակերպում:
«Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն»,-գրել է նա:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել 2025-ի հոկտեմբերին, սակայն հրաժարվում է հեռանալ Հովհաննավանքից։