Աշունը սրտի հետ կատակ չի անում․ բժիշկը՝ վտանգավոր ախտանշանների ու ճնշման տատանումների մասին

Աշնանը ջերմաստիճանի տատանումները կարող են ազդել սրտանոթային համակարգի վրա։ Բժիշկները հատկապես զգոնության կոչ են անում բարձր զարկերակային ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն և այլ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց։ Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ անցումային եղանակներին առավել հաճախ նկատվում են ճնշման տատանումներ և իշեմիկ հիվանդության դրսևորումներ։

«Աշնանը ավելի շատ զարկերակային գերճնշման տատանումներն են հաճախանում, սրտանոթային հիվանդություններից՝ իշեմիկ հիվանդությունները, ստենոկարդիայի նոպաները։ Դա պայմանավորված է նրանով, որ աշնանը և գարնանը՝ այդ անցումային սեզոններին, օրգանիզմում միշտ հորմոնային տարբեր փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Մանուկյանը։

Եղանակային փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են հատկապես տարեցները, երեխաները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

«Ռիսկի խմբում տարեցներն են, երեխաները։ Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նաև սեզոնային վարակներն են գլուխ բարձրացնում։ Սննդային փոփոխություններ են տեղի ունենում, քանի որ արդեն քիչ-քիչ անցնում ենք ձմեռային սննդի, և այդ ժամանակ էլ աղիքային սիմպտոմներն են շատանում՝ փորկապությունը, փորլուծությունը, փքվածության զգացողությունը։ Եթե մարդ ունի միզաքարային հիվանդություն, այս խնդիրներն էլ կարող են գլուխ բարձրացնել։ Հիմնական շեշտը դրվում է սրտանոթային հիվանդությունների վրա։ Եթե կա սրտի իշեմիկ հիվանդություն, անոթային համակարգի խնդիր, զարկերակային գերճնշում, այդ ժամանակ տատանումներն ավելի շատ են լինում»,- նշեց Մանուկյանը։

Սրտի հետ կապված գանգատները մարդիկ հաճախ վերագրում են հոգնածությանը, սթրեսին կամ եղանակի փոփոխությանը։ Սակայն սրտաբան Լամարա Մանուկյանը զգուշացնում է՝ հատկապես ցավի դեպքում ինքնուրույն պատճառներ փնտրել պետք չէ։

«Եղանակի տատանումից առաջացած գանգատը նույն հիվանդության գանգատն է՝ մի փոքր ավելի շատ արտահայտված։ Իսկ սրտի ինֆարկտի ցավը շատ լուրջ ցավ է, որը ոչ մի ցավի հետ չի կարելի համեմատել։ Դա անգամ այն ցավն է, որը մահվան վախ է առաջացնում։ Այնուամենայնիվ, եթե կա ցավ՝ կապ չունի՝ ուժեղ է այն, թե թույլ, և եթե այդ գանգատն անհանգստացնում է, անգամ եթե դա արդեն առկա քրոնիկ հիվանդությանն է վերաբերում, պետք է դիմել բժշկի։ Պետք է տարբերակել պատճառը, քանի որ հիվանդն ինքը չի կարող դա տարբերակել, և որոշվի բուժման հետագա գործընթացը»,- ասաց Մանուկյանը։

Սրտանոթային հիվանդությունների ռիսկը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր տարիքային փուլերում տարբեր է։ Տղամարդկանց դեպքում խոցելի շրջանը հաճախ սկսվում է 40 տարեկանից, իսկ կանանց մոտ ռիսկն ավելի է մեծանում 65 տարեկանից հետո։ «Սրտանոթային հիվանդությունների համար խոցելի տարիքը տղամարդկանց մոտ 40 և բարձրն է, բայց կան նաև ավելի երիտասարդ դեպքեր։ Կանանց մոտ հակվածությունն ավելի մեծ տարիքում է՝ 65+, բայց էլի կան դեպքեր, երբ 50 տարեկանից կնոջ մոտ խնդիրներ կարող են լինել։ Տղամարդկանց մոտ հանդիպում են տիպիկ գանգատներ՝ ցավ, հևոց, քրտնարտադրություն, օդի պակասի զգացողություն։ Կանանց մոտ ցավն ավելի քիչ է հանդիպում, ավելի շատ՝ հևոցը»,- ասաց Մանուկյանը։

Սրտի առողջության համար սննդակարգը պետք է ուշադրության կենտրոնում լինի ոչ միայն աշնանը, այլև տարվա բոլոր եղանակներին։ Մասնագետի խոսքով՝ հեղուկի ընդունման հարցում ևս պետք է հաշվի առնել եղանակային պայմաններն ու օրգանիզմի պահանջները։

«Ցանկացած եղանակի հեղուկի ընդունումը պետք է լինի մեկուկեսից երկու լիտր, բայց քանի որ ամռանը մենք նաև շատ քրտնում ենք, հնարավոր է մինչև երեք լիտր հեղուկ օգտագործենք։ Բացի մեր երիկամի աշխատանքից՝ ջուրը գոլորշիանում է ամբողջ մարմնի մակերեսից, և արյունը, որպեսզի չխտանա ու չմեծանա թրոմբոզի զարգացման ռիսկը, պետք է հեղուկ շատ խմենք։ Ինչ վերաբերում է յուղոտ ու ճարպոտ սննդին, միշտ պետք է իմանալ, որ մեր առողջ կերակուրը միջերկրածովյան սննդակարգն է։ Երբ ուտում ենք թարմ բանջարեղեն, անպայման մեր սննդակարգում պետք է ներառված լինի սպիտակուց՝ թե՛ կենդանական, թե՛ բուսական։ Եթե միջին տարիքում սպիտակուց չենք օգտագործում, արդեն տարեց տարիքում նկատվում է մկանների թուլացում»,- ասաց սրտաբանը։

Սրտաբան Լամարա Մանուկյանը խորհուրդ է տալիս չսպասել, մինչև գանգատները կսրվեն։ Հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց դեպքում բժշկի ժամանակին դիմելը կարող է անհրաժեշտություն դառնալ նաև բուժման դեղաչափը վերանայելու համար։

«Ցանկալի է շուտ դիմել բժշկի, չսպասել, որ գանգատները սրվեն, քանի որ հնարավոր է դեղաչափի փոփոխություն։ Դեռ ցայտուն աշնան փուլում չենք, բայց երբ կնվազի ջերմաստիճանը, եղանակները կփոխվեն, անձրևները կշատանան, այս շրջանում ավելի արտահայտիչ կլինեն այդ նշանները»,- ասաց Մանուկյանը։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment