Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը՝ կենդանի հնչողության եւ արհեստական բանականության համադրմամբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը՝ բացելով պատմության նոր էջ: Համերգաշրջանի հանդիսավոր բացմանը սպասվում է համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոու՝ Khachaturian Rooftop-ում: Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի մեծ տանիքում կթևածի բոլոր ժամանակների ազատության խորհրդանիշ՝ Սպարտակի ըմբոստ ոգին, կդղրդան հռոմեական անողոք մարտակառքերի անիվները և կհյուսվեն Սպարտակի ու Ֆրիգիայի սիրո ու նվիրումի մեղեդիները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, New Generation Project-ը և DJAN AI Studio-ն ներկայացնում են համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի իմերսիվ սինեմատիկ ներկայացում: Այս ձևաչափն ինքնին նորարարություն է դասական երաժշտության բնագավառում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմը, արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով, որն իրենից պատմական բլոքբասթեր է ներկայացնում: Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահը:

Aravot.am –ի հետ զրույցում ՀԱՖՆ-ի մամուլի քարտուղար Աստղիկ Դալլաքյանը հայտնեց, որ այս գաղափարը ծագել է New Generation Project-ի հիմնադիր Շմավոն Գրիգորյանի մոտ, որն իրականացնելու առաջարկը ողջունել է Ազգային Ֆիլհարմոնիկի ղեկավարությունը` պարոն Նազարյանը և մաեստրո Թոփչյանը։ Այնուհետև, սկսվել են աշխատանքները ֆիլմի ստեղծման ուղղությամբ, DJAN AI Studio-ի մասնակցությամբ։

Իսկ ֆիլմի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ սկզբում գաղափարը խենթ ու անիրականալի է թվացել, բայց հետո նրանք վառվել են այդ հանդուգն նախագիծը կյանքի կոչելու մտքով։ Ֆիլմի ստեղծագործական թիմն աշխատել է 6 ամիս շարունակ, օրական 20 ժամ. ուսումնասիրվել է Սպարտակի ժամանակաշրջանը` պատմական իրադարձությունները, բարքերը, զենքերը, սպասքը և այլ մանրամասներ, որպեսզի ամեն գործողություն և դետալ համապատասխանի պատմական իրողությանը և փոխանցի ժամանակաշրջանի ոգին։ Արդյունքում ստացվել է պատմական բլոքբասթեր՝ գեղարվեստական ֆիլմի բոլոր տրադիցիաներով։

Սա պարզապես համերգ չէ, այլ երաժշտության և տեսողական արվեստի համադրությամբ ստեղծված նոր ձևաչափ: Նախագիծը հատուկ ստեղծվել է Khachaturian Rooftop-ի բացօթյա հարթակի համար՝ միավորելով կենդանի սիմֆոնիկ երաժշտությունը և մեծակտավ վիզուալ արվեստը:

Մաեստրո Թոփչյանն էլ հայտնեց հետևյալը. «Արամ Խաչատրյանի «Սպարտակը» մեր ինքնության, մարդու ազատատենչ ոգու և երաժշտական մտքի ամենահզոր արտահայտություններից մեկն է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար միշտ մեծ պատասխանատվություն ու հպարտություն է հնչեցնել այս հանճարեղ ստեղծագործությունը, սակայն այս նախագիծն իսկապես բացառիկ է: Դասական երաժշտությունը կարող է և անհրաժեշտ է, որ քայլի ժամանակին համընթաց: Կենդանի նվագախմբային հնչողության և ժամանակակից արհեստական բանականության ընձեռած վիզուալ հնարավորությունների այս համադրումը բոլորովին նոր իրականություն է ստեղծում: Սա պարզապես համերգ չէ, այլ զգայարանների վրա ազդող տպավորիչ ներկայացում է: Ուրախ եմ, որ New Generation Project-ի ու DJAN AI Studio-ի հետ միասին այս համարձակ նորարարությունն իրագործում ենք հենց Khachaturian Rooftop-ի բացօթյա, տրամադրող միջավայրում: Վստահ եմ՝ մեր ունկնդիրն այս սինեմատիկ ձևաչափի շնորհիվ «Սպարտակը» կբացահայտի միանգամայն նոր ու անսպասելի տեսանկյունից»։

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment