Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը

Քաղաքականություն

07.09.2026 | 14:59

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել է, որ վերջինս առաջիկայում  կայցելի Մոսկվա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որ պարոն Փաշինյանը  մոտ ժամանակներս կայցելի Մոսկվա», – Բիշքեկում առաջնորդների հանդիպման մասին ասել է Կրեմլի խոսնակը ու նշել․ «Հենց Պուտինն է  հրավիրել Փաշինյանին Մոսկվա, և Փաշինյանը ընդունել է  հրավերը և ասել, որ շուտով կժամանի»։

«Այս այցի ճշգրիտ ամսաթվերը կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​​​ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները», – հավելել է Պեսկովը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ  Հայաստանի եվրոպական և եվրասիական կողմնորոշման միջև ընտրության թեման առանցքային կլինի Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցություններում։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ բոլոր կողմերից քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս հիմնական թեման։ Այդ թեման, ի վերջո, Հայաստանի զարգացման ուղղության և կողմնորոշման ընտրության, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման թեմայի մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ  այսօր ավելի վաղ Պեսկովը  ևս հայտարարել էր, որ Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան  տեղի կունենա մոտ ապագայում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment