90-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած և այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ և ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, որը ՀՀ զինված ուժերի ձևավորման գործընթացի առանցքային մասնակից է և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկն է, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից։
Թե ինչով է պայմանավորված, «Իրավունք»-ի հետ զրույցում գեներալն անկեղծացավ։
– Ես գնացի հյուպատոսարան և վերադարձրեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցնում են՝ պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում։ Ես էլ ասացի՝ բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել։
Ես հանձնեցի անձնագիրս, իսկ ձեր այսօրվա նախագահականից ստացա հաղորդագրություն. «Դուք զրկված եք քաղաքացիությունից»։ Դե, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլևս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ»։
News.am