«Վեոլիա ջուր»․ Ոչ մի տեղ պաշտոնապես չկա տեղեկություն, որ Բյուրեղավանում աղիքային վարակը ջրի հետ է կապված

Պետք է սպասել հետազոտություններին. որևէ տեղ պաշտոնապես չկա արձանագրված այս պահին, որ Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերը ջրի հետ են կապված։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Ընկերության մամուլի բաժնից մեզ հայտնեցին հետևյալը. «Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ կատարվել են ջրի նմուշառումներ օգոստոս ամսին, լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել, նաև հավելում է, որ «Վեոլիա Ջուր»–ը և ՀՎՎԿ-ն այսօր ևս շարունակելու են իրականացնել կրկնակի նմուշառումներ։

Մեր մեկնաբանությունը այն է, որ պետք է սպասել հետազոտություններին. որևէ տեղ չկա արձանագրված այս պահին, պաշտոնապես, որ դա ջրի հետ է կապված։

Մեզ մոտ 24 ժամ են այդ նմուշառումները կատարվում, մենք չենք գնում նմուշառում անում այն ժամանակ, անկախ նրանից դա Դյուրեղավանն է, Երևանն է, թե մեր սպասարկման այլ բնակավայրն է, դա պարբերաբար օրական կատարվող գործընթաց է մեզ մոտ։ Մենք ուղղակի չենք գնում մի քանի ամիսը մեկ անում ջրի նմուշառում։ Դա ամեն օր իրականացվում է, մեր աղբյուրներում, մեր օրվա կարգավորիչ ջրամբարներում, դա պարբերաբար կատարվող գործողություն է»։

 Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Ըստ առողջապահության նախարարության, նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

ՔԿ–ից էլ հայտնել են, որ Բյուրեղավանում նախկինում բնակչության շրջանում թունավորման երկու դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Վարույթները միացվել են մեկ վարույթում: Նշանակվել են համալիր փորձաքննություններ որոնց եզրակացությունները դեռևս չի ստացվել:

Leave a comment