Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել

Հասարակություն

07.09.2026 | 11:47

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։

Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:

Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a comment