Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ՀՀ քաղաքացիներին համոզելով, թե դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը «Semafor»-ին տված հարցազրույցում պայթեցրել է իշխանության այդ պնդման հակառակ կողմը։
Մեջբերենք – «Հայաստանը պատրաստ է ստորագրել վերջնական համաձայնագիր Ադրբեջանի հետ, սակայն դեռ կան չլուծված հարցեր։ Եվ դրանցից մեկը Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի Սահմանադրությունից հանել համապատասխան հղումը»,- նշել է դեսպանը։
Ընդդիմադիր հասարակական գործիչ Հայկ Մովսիսյանը MediaHub-ին ասաց, որ իշխանությունը շարունակում է իր գործունեությունը՝ «զիջենք, որ ապրենք» տրամաբանությամբ։
«Մեզ փորձում են համոզել, թե Սահմանադրության փոփոխությունը կամ արտաքին պահանջներին ընդառաջ գնալը բացառապես ներքին գործընթաց է կամ «հանուն խաղաղության» կատարվող անհրաժեշտ քայլ։ Սակայն, երբ պետության հիմնարար փաստաթուղթը դառնում է հարևան երկրի հետ չլուծված հարցերի քննարկման առարկա, դա այլևս ինքնիշխան որոշում չէ, այլ թշնամական պետության կամքի պարտադրում։ Գործող իշխանության կողմից հերթական զիջումը ներկայացվում է որպես փրկության միակ միջոց, իսկ ահա պահանջատեր Ալիևը համոզվում է, որ դիմացինի դիմադրողականությունը կոտրված է, և ներկայացնում է հաջորդ՝ ավելի ծանր պահանջը։ Սեփական ապաշնորհ քաղաքականության պատասխանատվությունը բարդվում է ժողովրդի վրա՝ «ժողովուրդն այդպես որոշեց» կեղծ թեզով, որպեսզի հանրությունը դառնա հավաքական անպատվության կրողը»,- ասաց Մովսիսյանը։
Նա մեջբերում է, որ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագետի խոսքը, որն առանց մտածելու բացել է փակագծերը, ընդունելով, որ մեր Սահմանադրության բովանդակությունն Ադրբեջանի հետ չլուծված հարցերից մեկն է։ Խնդիրը միայն Սահմանադրության տեքստը չէ։ Բաքվի ռազմավարական նպատակը շատ ավելի խորն է՝ Հայաստանի պատմամշակութային և սուվերեն հիմքերի չեզոքացումը։
««Իրևան» և «Արևմտյան Ադրբեջան» թեզերի շրջանառումը, վերադարձի պահանջներն ու պատմական փաստերի աղավաղումը վկայում են այն մասին, որ ամեն մի կատարված պահանջ ծնում է նոր, ավելի արմատական պահանջներ: Դիմելով թե՛ քաղաքական ուժերին և թե՛ լայն հասարակությանը՝ պետք է արձանագրել․ Անգործությունն ու լռությունը նույնպես որոշում են։ Թույլ տալ, որ հանրությունը ներքաշվի մի գործընթացի մեջ, որտեղ պատասխանատվությունը հետագայում բարդվելու է բոլորի վրա, նշանակում է դառնալ այդ անկման մասնակիցը։ Հարցը հետևյալն է.Մենք շարունակելու ենք վերաշարադրել մեր պետականության հիմքերը ուրիշի պահանջով, թե՞ վերագտնելու ենք մեր ներքին ուժն ու ասելու ենք՝ ո՛չ և վե՛րջ ։ Ոչ մեզ պարտադրված զիջումներին. Վերջ միակողմանի զիջումների շղթային. Այո գործող Անկախության Հռչակագրին»,- ասում է հասարակական գործիչը։
Ի վերջո, ո՞րն է մեր կարմիր գիծը։
«Երբ հասարակության մեջ արժեզրկվում է խոսքը, իսկ հոգևոր-բարոյական կողմնորոշիչները մղվում են երկրորդ պլան, հաջորդ քայլով սկսում է քայքայվել պետականությունը։ Արժեքային սնանկությանը միշտ նախորդում է պետական ինքնիշխանության կորստին։ Այսօր մենք ականատեսն ենք մի գործընթացի, որտեղ արտաքին պարտադրանքն ու ներքին ինքնախաբեությունը ձեռք ձեռքի տված փորձում են լեգիտիմացնել զիջումների այնպիսի շղթա, որը սպառնում է մեր պետության բուն գոյությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան