Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան նախատեսվում է մոտ ժամանակներս, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հստակ ժամկետ առայժմ չկա»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել Փաշինյանի հետ՝ քննարկման առանցքային թեման դարձել են Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է, և կրկին կոչ է արել հանրաքվե անցկացնել՝ այդ հարցը փակելու համար։
Հանդիպման արդյունքներով նա Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու նպատակով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, ապա Ռուսաստանը պատրաստ է վաղն իսկ այն դուրս բերել։ Փաշինյանը հայտարարել է, որ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել։ Նա նշել է, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում կենսական անհրաժեշտություն չէ: