Բաժանորդագրվել
Բյուրեղավանում այս տարվա մեջ 3-րդ անգամ աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորում է ժամանակավորապես ծորակի ջրից չօգտվել:
Նշենք, որ Բյուրեղավանում այս տարվա մեջ 3-րդ անգամ աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։
«Հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուր խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- հայտնում են ՀՎԿԱԿ-ից։
Կառույցից նշում են, որ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
Հիշեցնենք, որ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։