Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական ճնշումը կտրուկ մեծանում է։ Կիևում տեղի են ունեցել բարձր մակարդակի փակ բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Ստիվեն Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մասնակցությամբ։ Քննարկումների առանցքում եղել են ռազմական գործողությունների ավարտի հնարավոր պայմանները, Արևմուտքի կողմից տրամադրվող անվտանգային երաշխիքներն ու առաջիկա ամիսների աջակցության ծավալները։
Սեպտեմբերի 6-ի երեկոյան կայացած համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին ընդգծել է, որ առկա իրողությունները հուշում են պատերազմի շարունակման մասին նաև ձմռան ամիսներին։ Այդ պատճառով Կիևն ամերիկյան ու եվրոպական գործընկերներից ակնկալում է «ձմեռային աջակցության» հստակ փաթեթ, որը կներառի ամերիկյան հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումներ և ՀՕՊ համակարգերի լրացուցիչ խմբաքանակներ։
Անդրադառնալով տարածքային զիջումների զգայուն թեմային՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ թեև հարցը քննարկվել է, իր դիրքորոշումը մնում է անփոփոխ․ նման սկզբունքային ու բարդ խնդիրները կարող են լուծվել բացառապես երկրների առաջնորդների անմիջական մակարդակում։
Հատկանշական է, որ ամերիկացի բանագնացները Կիև են ժամանել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրած բանակցություններից անմիջապես հետո։ Axios պարբերականի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը ձգտում է խաղաղության նախագծի «թարմացված տարբերակի» շուրջ բեկումնային համաձայնության հասնել նախքան ցուրտ եղանակների վրա հասնելը։