Ֆրանսիահայ գործարար, հանրահայտ Petrossian ապրանքանիշի ներկայացուցիչ Միքայել Պետրոսյանը ներառվել է Vanity Fair France պարբերականի կազմած՝ 2026 թվականի 20 ամենաճաշակով հագնված ֆրանսիացիների ցանկում։ «Qui sont les 20 Français les mieux habillés de 2026?» («Ովքե՞ր են 2026 թվականի 20 ամենաճաշակով հագնված ֆրանսիացիները») վերնագրով վարկանիշային ցուցակը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին, որտեղ ընդգրկվել են կինոյի, նորաձևության, սպորտի և բիզնեսի ոլորտների հայտնի ներկայացուցիչներ։
Vanity Fair France-ի փոխանցմամբ՝ Միքայել Պետրոսյանի ոճի հիմնական առանձնահատկությունը դասական տղամարդկային հագուստը ավելի ազատ ու սպորտային տարրերի հետ վարպետորեն համադրելու կարողությունն է։ Նորաձևության փորձագետները հատկապես առանձնացրել են նրա զգեստապահարանի այն լուծումը, երբ դասական կոստյումներն ու կոշիկները համադրվում են վինտաժային բեյսբոլի կուրտկայի հետ։
Միքայել Պետրոսյանը ներկայացնում է Petrossian ընտանեկան բրենդի երրորդ սերունդը։ Գաստրոնոմիական հայտնի ընկերությունը հիմնադրվել է Փարիզում 1920 թվականին՝ հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից։ 2010 թվականից ի վեր Միքայելը եղբոր՝ Ալեքսանդրի հետ միասին ղեկավարում է ընտանեկան բիզնեսը՝ այն զարգացնելով Փարիզի և Նյու Յորքի միջև։