Երեւանի քաղաքապետարանը տարածք կտրամադրի «Առաքելություն Հայաստան»-ին

Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանը տարածք կտրամադրի «Առաքելություն Հայաստան»-ին

 Երեւանի ավագանին որոշում կընդունի համայնքի սեփականություն հանդիսացող Եղ. Թադևոսյանի փողոցի հ.2/1 հասցեում գտնվող ընդհանուր 1030.59քմ մակերեսով շինությունները եւ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 765.7քմ մակերեսով հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, մինչեւ 2029 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը առողջապահական ծառայություններ է մատուցում բազմաթիվ միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, ապաստան հայցողների և այլ սոցիալապես անապահով և խոցելի ընտանիքների: Կազմակերպությունը ներդրել և զարգացրել է սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցման տարբեր ենթակառուցվածքներ՝ ցերեկային կենտրոններ, բարեգործական ճաշարաններ,ուսումնական կենտրոններ, սոցիալական տուն, որոնք հնարավորություն են ընձեռնում շահառուներին բազմաբնույթ սոցիալ-առողջապահական ծառայություններ ստանալ ոչ միայն համայնքներում, այլ նաեւ իրենց տներում:

Քննարկվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Հանրային ձայն» խմբակցությունները առարկություններ չեն ներկայացրել եւ տվել են դրական դիրքորոշում:

 

 

Leave a comment