Շուշիի Հին հայկական-ռուսական գերեզմանոցի ոչնչացումը ևս մեկ ծանր ահազանգ է․ Հովիկ Ավանեսով

Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում շարունակում է հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականությունը։ Հերթական թիրախը դարձել է Շուշիի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը, որտեղ պահպանվել էին միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև XIX դարի հայկական և ռուսական գերեզմաններ։

Այս մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը (CHW)՝ վկայակոչելով արբանյակային մշտադիտարկման տվյալները: PlanetScope-ի պատկերների արխիվը հետազոտողներին հնարավորություն է տվել հետևելու գերեզմանոցի աստիճանական ոչնչացման գործընթացին՝ մասնավորապես մայիսի 9-ի, 11-ի և 14-ի արբանյակային պատկերների համադրմամբ։

Սա այլևս չի կարող ներկայացվել որպես պատահական վնաս, բնական մաշվածություն կամ քաղաքաշինական գործընթացի հետևանք։ Գերեզմանոցի տարածքի հետևողական ոչնչացումը, պատմական գերեզմանների վերացումը և հայկական մշակութային հետքերի ֆիզիկական անհետացումը փաստում են մշակութային ժառանգության նպատակային ջնջման քաղաքականության մասին։

Շուշիի հայկական գերեզմանատների նկատմամբ նման վերաբերմունքը նոր երևույթ չէ։ CHW-ն արդեն փաստագրել է քաղաքի մի շարք պատմական հայկական գերեզմանատների վնասումը և ոչնչացումը։

Այս իրադարձությունները ցույց են տալիս ոչ թե առանձին հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի խնդիրը, այլ պատմական հիշողության և տարածքի հայկական ինքնության նյութական ապացույցների համակարգված վերացման գործընթացը։

Գերեզմանոցը պարզապես քարերի և գերեզմանաքարերի հավաքածու չէ։ Այն պատմական հիշողության, տոհմական կապերի, բնակչության ներկայության, սոցիալական կյանքի, մշակույթի և համայնքային ինքնության բացառիկ վկայություն է։ Հենց այդ պատճառով էլ պատմական գերեզմանոցների ոչնչացումը նպատակ ունի վերացնել ոչ միայն առանձին հուշարձանները, այլև այն փաստական ապացույցները, որոնք վկայում են տվյալ քաղաքի և տարածքի հայկական բազմադարյա ներկայության մասին։

Շուշիի դեպքում սա առանձնահատուկ նշանակություն ունի։ Քաղաքի հայկական պատմական միջավայրի ոչնչացումը, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ իրականացվող գործողությունները, պատմական կառույցների վերափոխումը և հայկական արձանագրությունների ու հետքերի վերացման վտանգը միասին ձևավորում են քաղաքի պատմամշակութային ինքնության վերաձևակերպման ամբողջական քաղաքականություն։

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում մշակութային ժառանգության նկատմամբ նման գործողությունները պետք է գնահատվեն ոչ միայն որպես մշակութային արժեքների վնասում, այլև որպես մշակութային հիշողության, պատմական ինքնության և բնիկ բնակչության ժառանգության դեմ ուղղված համակարգային քաղաքականություն։

Առավել մտահոգիչ է միջազգային հանրության շարունակական լռությունը։ Երբ միջազգային կազմակերպությունները սահմանափակվում են ընդհանուր հայտարարություններով, իսկ պատմական հուշարձանների ոչնչացման փաստերը մնում են առանց գործուն արձագանքի, դա ստեղծում է անպատժելիության միջավայր, որտեղ մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է շարունակվել առանց իրական հետևանքների։

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ ցանկացած գործողություն, ապահովել պատմական հուշարձանների և գերեզմանատների պահպանությունը, թույլ տալ անկախ միջազգային մասնագիտական մշտադիտարկում և հրապարակել մշակութային ժառանգության պահպանության իրական մեխանիզմները։

Միաժամանակ միջազգային հանրությունը, մասնավորապես UNESCO-ն և մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցները, այլևս չպետք է սահմանափակվեն փաստերի արձանագրմամբ։ Արբանյակային մշտադիտարկմամբ փաստագրված յուրաքանչյուր ոչնչացում պետք է ստանա հստակ միջազգային գնահատական և ունենա իրավական ու քաղաքական հետևանքներ։

Շուշիի Հին հայկական-ռուսական գերեզմանոցի ոչնչացումը ևս մեկ ծանր ահազանգ է այն մասին, որ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը շարունակում է գտնվել իրական և անմիջական վտանգի տակ։

Մենք պահանջում ենք՝

  • դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և փոփոխումը,
  • ապահովել հայկական գերեզմանատների, խաչքարերի, եկեղեցիների և պատմական հուշարձանների ամբողջական պահպանությունը,
  • իրականացնել անկախ միջազգային մասնագիտական մշտադիտարկում,
  • փաստագրել արդեն իսկ իրականացված ոչնչացումների ամբողջ ծավալը,
  • ապահովել պատասխանատվություն մշակութային ժառանգության ոչնչացման համար,
  • և բացառել պատմական փաստերի խեղաթյուրումն ու հայկական ժառանգության այլ ինքնության ներքո ներկայացնելու ցանկացած փորձ։

Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախում իրականացվում է 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը, խեղաթյուրմանն ու հայկական հետքի վերացմանը։

ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment