Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների խնդիրներն ու հնարավոր լուծումները

Հայկ Խանումյան

Արցախից բռնի տեղահանվածներին ուղղված երկարաժամկետ հիմնական աջակցության ծրագիրը բնակապահովման ծրագիրն է, որը ենթադրում է կացարանի ձեռք բերման հարցում աջակցություն ընտանիքներին։ Աջակցության չափը տատանվում է ընտանիքի անդամի հաշվով 2-5 միլիոն դրամի միջակայքում։ Ծրագրի շահառու դառնալու հիմնական պահանջներից է ՀՀ նոր քաղաքացիություն ընդունելը։ Այս հոդվածը նպատակ չունի քննարկելու, թե ինչու ՀՀ քաղաքացի համարվող Արցախի բնակիչները կառավարության մեկ որոշմամբ սկսեցին չհամարվել ՀՀ քաղաքացի և նրանց ուղղորդեցին կրկին քաղաքացիություն ստանալու։ Սակայն այս գործընթացում առաջանում են բազմաթիվ խութեր, որոնք հաճախ չեն հանրայնացվում և սովորաբար մնում են քաղաքացի-զինկոմիսարիատ-ՀՀ ՊՆ զինվորական արխիվ շրջանակի մեջ։ 

2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակումն Արցախի դեմ բերեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարմանը։ Այդ պահին ՊԲ-ում ծառայող բոլոր զինծառայողները, այդ թվում՝ պարտադիր ժամկետով զորակոչվածները, զորացրվեցին։ Պարտադիր զորակոչիկները 2-22 ամսվա զինծառայողներ էին, սակայն զորացրվեցին միաժամանակ։ Նրանցից շատերն Արցախից տեղահանվելու ժամանակ անվտանգային նկատառումներով ոչնչացրին իրենց զինգրքույկները։ Այսօր մինչև 35 տարեկան այլ պահեստազորայիններ ևս, տարբեր պատճառներով, իրենց մոտ չունեն զինվորական գրքույկ՝ կամ ոչնչացրել են, կամ չեն կարողացել վերցնել (Արցախի որոշ բնակավայրեր գրավվել են թշնամու կողմից բավավականին արագ, որոշ գյուղերի բնակիչներ ոտքով են կարողացել անցնել դեռևս թշնամու կողմից չվերահսկվող տարածքներ)։ 

Նմանատիպ իրավիճակներում հայտնված արական սեռի քաղաքացիները ներկայում քաղաքացիություն ստանալու գործընթացում հանդիպում են խոչընդոտների։ Որոշակի տարիքի արական սեռի քաղաքացու համար հաշվառման վայրի զինկոմիսարիատում զինվորական հաշվառման կանգնելը պարտադիր է նոր անձնագիր ստանալու գործընթացում։ Սակայն զինվորական գրքույկ չունեցող քաղաքացիները զինկոմիսարիատներում խնդիրների են առերեսվում. մինչև 35 տարեկան անձանց առաջարկվում է կրկին պարտադիր զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում։ Սա հանգեցնում է քաղաքացիություն ստանալուց խուսափելու դեպքերի, ինչն էլ իր հերթին բերում է ծանր սոցիալական հետևանքների բնակապահովման ծրագրից օգտվելու պատրաստ ընտանիքի համար։ 

Մեկ այլ խնդիր է ՊԲ-ում ծառայած և Հայաստանում զինվորական թոշակի անցնող պայմանագրային զինծառայողների արդար թոշակի հարցը։ Սովորաբար զինվորական թոշակառուները ստանում են լրավճար մարտական հերթապահության օրերի հաշվարկով։ Սակայն հիմա Պաշտպանության նախարարությունը զանգվածաբար կտրում է մարտական հերթապահության համար տրվող լրավճարը՝ թոշակի անցած պայմանագրայիններին (շարքային և սպայական անձնակազմ) պատճառաբանելով, որ չունի նրանց մարտական հերթապահության անցած լինելու մասին ապացույցներ։ 

Ի դեպ, ՊԲ զինծառայող ասելով` նկատի չունենք զինծառայողի ծագումը, խոսքը վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակում ծառայած զինծառայողներին՝ անկախ ծննդյան կամ գրանցման վայրից։ Սա բերում է պետության նկատմամբ վստահության անկման։

Հաջորդ կարևոր կետը պատերազմով անցած զինվորականների նկատմամբ հատուկ վերաբերմունքնի բացակայությունն է։ Ծանր պատերազմներով անցած, պարտված ու կոտրված զինծառայողները կարիք ունեն հատուկ հոգեբանական ծրագրերի և հասարակության մեջ ինտեգրման։ Ավելին, զինվորականները թոշակի կարող են անցնել 20 տարվա ծառայությունից հետո։ Սա նշանակում է, որ թոշակառուների տարիքը կարող է սկսել 38-ից։ Այսինքն, մենք ունենք անըդնհատ լարված վիճակում գործած, ֆորսմաժորներով և բախումներով անցած, ուժերի ծաղկման շրջանում գտնվող մեծաքանակ մի խումբ, որին թողնում ենք մենակ՝ տրամադրելով ընդամենը զինվորական թոշակ։ Սա մեծ շռայլություն է մեզ պես ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրում և հատկապես անարդար է պատերազմով անցած զինծառայողների նկատմամբ։

Վերոշարադրյալ խնդիրների լուծման համար կարևոր է պետական համակարգի արագ արձագանքը և խնդիրների արագ լուծումը։ Բնականաբար, այս խնդիրների փաթեթը կարգավորելու ամենամեծ հնարավորությունն ունի Պաշտպանության նախարարությունը՝ թե համապատասխան նորմատիվ ակտերի ստեղծումը նախաձեռնելու, թե գործնական կիրառման տեսանկյունից։ 

Մասնավորապես, կարևոր է ստեղծել հատուկ ներգերատեսչական հանձնաժողով զինգրքույկ չունեցող նախկին ՊԲ զինծառայողների խնդիրները լուծելու, նրանց զինվորական գրքույկները վերականգնելու համար։ Այդ հանձնաժողովի կազմում կարող են լինել նաև Արցախի զինկոմիսարիատների նախկին ծառայողներն ու Պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների նախկին զինծառայողներ։ Զինվորական գրքույկի վերականգնումը հնարավորություն կտա այս մարդկանց ընդունել ՀՀ քաղաքացիություն, գրանցվել ՀՀ պահեստազորի շարքերում, օգտվել իրենց հասանելիք սոցիալական ծրագրերից։ Այս խնդիրը թողնելով անորոշ՝ Հայաստանն ուղղակի զրկվում է մարտական փորձ ունեցող պահեստազորայիններից։ 

Զինվորական թոշակների ճշգրիտ որոշման համար ևս պետք է գնալ հանձնաժողովների միջոցով, անհատական մոտեցմամբ հարցը լուծելու ճանապարհով։ Ընդ որում, հատկապես վերջին երկու տասնամյակներին վերաբերող ծառայության հարցերը կարող են արագ լուծվե՝ հաշվի առնելով այն փաստը, որ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողները ստանում էին հավելավճարներ, և դա արտացոլված է Պաշտպանության նախարարության կողմից նրանց ուղղված բանկային փոխանցումներում։ Հետևաբար շատ հեշտ է պարզել, թե զինծառայողը որքան ժամանակ է մարտական հերթապահություն իրականացրել։ Պետության նկատմամբ վստահությունը կարևոր բաղադրիչ է, հատկապես պահեստազոր ուղարկված զինծառայողների դեպքում, երբ ամեն սրացման ժամանակ զինկոմիսարիատների ուշադրության կենտրոնում առաջինը հենց նրանք են հայտնվում։

ՊԲ լուծարումից հետո բազմաթիվ զինծառայողներ զինվորագրվեցին ՀՀ Զինված ուժերի այլ զորամիավորումներում ծառայելու։ Սակայն նրանց թիվը մնում է զգալիորեն քիչ, քան կարող էր լինել՝ հաշվի առնելով Պաշտպանության բանակի ներուժն ու թվաքանակը։ Զորացրված սպաների հետ շփումները ցույց են տալիս, որ հիմնական պատճառը ՀՀ զինված ուժերում առկա ցածր կարգապահությունն է, հատկապես ոչ կանոնադրական հարաբերությունները զինծառայողների միջև։ Կան նաև այլ հարցեր, որոնք համալիր լուծում են պահանջում՝ մասնավորապես զինծառայողների նշանակման վայրի, ընտանիքի բնակարանային ապահովման և այլ հարցեր։ 

Շատ կարևոր է անհատական աշխատանքը հատկապես մարտական փորձ ու հմտություններ ունեցող սպաների և շարքային պայմանագրայինների հետ՝ նրանց բանակ վերադարձնելու համար, քանզի ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինծառայողների կարիք ունեն։ 

Հաջորդ կետը տարբեր պատերազմներով անցած ու զորացրված զինծառայողների համար հատուկ ծրագրերի իրականացումն է, որոնք կարող են ներառել տարբեր բաներ՝ հոգեբանական ծառայություններից մինչև վերապրոֆիլավորման դասընթացներ, աշխատաշուկայում ինտեգրվելու, սեփական գործ սկսելու ծրագրեր։ Պաշտպանության բանակի՝ տարբեր զինծառայողների նկատմամբ ունեցող պարտականությունները (օրինակ, բնակարանային հերթում գտնվող ծառայող կամ արդեն պահեստազոր անցած սպաների) կարելի է լրացնել՝ համատեղելով բռնի տեղահանված արցախցիների համար գործող բնակապահովման ծրագրերը՝ վերջինով նախատեսվածին ավելացնելով որոշակի գումար։

Պաշտպանության բանակն ավելի քան 30 տարի Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից էր։ Ի հեճուկս առկա իրավական խառնաշփոթին՝ պետությունը պետք է կատարի ժամանակին ստանձնած պարտավորությունները։ 


Հայկ Խանումյանը Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ
է

Հոդվածն ի սկզբանե հրապարակվել է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոի կայքում։

The post Պաշտպանության բանակի նախկին զինծառայողների խնդիրներն ու հնարավոր լուծումները appeared first on CIVILNET.

Leave a comment